Ինչպե՞ս, ինչքա՞ն, երբվանի՞ց և ի՞նչ ջուր առաջարկել երեխային
Հաճախակի տրվող հարցերԻնչպես/ինչքան/երբվանից ու ինչ ջուր առաջարկել
1. Երբվանից տալ։ Մինչև 6 ամսական երեխան պետք է ստանա բացառապես կկ կամ կխ (կամ երկուսը միասին): Ըստ ԱՀԿ-ի նույնիսկ ԿԽ բալիկը (կաթնախառնուրդը ճիշտ պատրաստելու դեպքում) ջրի կարիք չունի։
Ջուրը սկսում են առաջարկել 6+ ամսականում, երբ սկսել եք հավելյալը։
Բայց հաշվի առեք, որ կկ-ի դեպքում կաթը փոխում է իր բաղադրությունը ըստ երեխայի պահանջի, ինչի հետևանքով երեխան դեռ 1-3 շաբաթ կարող է ծարավը հագեցնել կկ-ով և հրաժարվել ջրից։ Իսկ ԿԽ-ի դեպքում երեխան հավանաբար ավելի շուտ կսկսի ջուր խմել, քանի որ ԿԽ-ի բաղադրությունն անփոփոխ է։
2. Ինչքան ջուր առաջարկել։ Հստակ քանակ չկա, պետք է հետևել երեխայի պահանջին։ Եթե երեխան ջրից հրաժարվում է, ուրեմն պահանջ չի զգում օրգանիզմը, մի ստիպեք խմել։ Ուղղակի հետևեք, որ չլինեն ջրազրկման նշաններ։ Եթե երեխան օրվա ընթացքում նորմալ միզում է, մեզը բաց գույն ունի, քրտնում է, կկ/կխ խմում է, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Սակայն հիշեք, որ երեխաները երբեմն կարող են չարաշահել ջուրը առանց օրգանիզմի պահանջի, այդ իսկ պատճառով հետևեք, որ քանակը չափից ավել չլինի, և երեխան կաթը չփոխարինի ջրով առանց գիտակցելու։
3. Ինչ ջուր առաջարկել։
Կախված է Ձեր տեղանքից։ Եթե Ձեր ջուրը լավն է, հենց այն առաջարկեք։
Եթե կասկածում եք, կարող եք ջուրը դնել սառցախցիկ, լիովին սառչի, հետո հալեցնել մինչև մեջտեղի մասը (մեջտեղի սառույցը պետք չէ տալ երեխային), հալած ջուրը տալ։
Այլ տարբերակ. կարող եք ֆիլտր գնել կամ խանութում առկա ֆիլտրված ջուրը գնել, բայց մի մոռացեք, որ երբեմն դրանք արտադրվում են ստանդարտներից դուրս պայմաններում։ Որոշ աղբյուրներ նշում են նաև, որ ջուրը ֆիլտրվելիս կորցնում է ոչ միայն վնասակար բակտերիաները, այլ նաև օգտակար բաղադրիչները (չեմ կարող ասել, թե ինչքանով է համապատասխանում իրականությանը):
4. Ինչպես/ինչով առաջարկել։ Առաջատար առողջապահական կառույցները խորհուրդ են տալիս 6 ամսականից սկսել բաժակի կիրառումը (հասարակ խոհանոցային բաժակ), այն ավելի նախընտրելի է շշից ատամնաշարի խնդիրներից խուսափելու համար։
* Այս ամենը վերաբերում է առողջ երեխաներին։ Եթե Ձեր երեխան ունի տենդ, փսխում կամ փորլուծություն, խորհրդակցեք մանկաբույժի հետ ջուր տալու և դրա քանակի վերաբերյալ ջրազրկումից խուսափելու համար։
Պատրաստեց Իննա Խաչիկյանը