Ե՞րբ է կարելի երեխային միս տալ, ո՞ր տեսակի և ի՞նչ քանակով
Հաճախակի տրվող հարցերՇատերը պնդում են, որ միսը չափազանց ծանրամարս է և 6 ամսականին չարժե տալ, ցուցակներում նշելով 7+, 8+, 9+:
Հակառակ բոլոր այդ պնդումներին ԱՀԿ-ն միսը նշում է որպես 6+ և առաջնային անհրաժեշտության մթերք (ձվի ու ձկան հետ միասին)։
Քանակի մասին։
Մի մամա ինձ անձնական նամակով երբ դիմել էր, նշեց, որ իր 8-9 ամսականին միս տալու օրերին 80գրամ միս է տալիս, որովհետև հաշվարկն այսպես է.
ամեն ամսվա համար 10գրամ, այսինքն 7 ամսականին 70 գրամ, 8 ամս=80գրամ, 9ամս=90գրամ և այլն։
Հարգելի մայրիկներ, չգիտեմ այդ տեսությունն ինչ աղբյուրներ ունի, սակայն այն ԽԻՍՏ ՍԽԱԼ Է!!!
Ինչու՞
Միսը շատ հարուստ է երեխային ահավոր անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով (հատկապես երկաթ ու Բ12), բայց այն հարուստ է նաև սպիտակուցներով, որոնք երեխային չարաշահել ոչ մի դեպքում չի կարելի։
Երեխայի օրական չափաբաժինը սպիտակուցի ըստ ԱՀԿ-ի որոշվում է քաշով։
6-12 ամսականներում այսպես
Կգ * 1.12-1.31գ սպիտակուց (1.31-ը մաքսիմալ թույլատրելի սահմանն է):
Այսինքն’, եթե Ձեր երեխան օրինակ 9կգ քաշ ունի, հաշվում եք այսպես
9 * 1.31 = 11.79 սպիտակուց օրական
Օրինակի համար հաշվենք տավարի ֆիլեն, որի 100գ պարունակում է 24-35 գ սպիտակուց (նայած որ հատվածի ֆիլե է)
Ստացվում է, եթե 8 ամսական երեխան, որն ունի 9կգ քաշ (այսինքն օրական պետք է ստանա ամենաշատը 11.79գ սպիտակուց), ուտի 80 գրամ տավարի միս, կստանա 19.2-28 գրամ սպիտակուց (կախված մսի տեսակից):
Դա սպիտակուցի չարաշահում է, որն ունի իր հետևանքները։
Հաշվարկենք հավի միսը։
Հավի եփված մսի 80 գրամը պարունակում է 24.8 գ սպիտակուց, դա կրկնակի թույլատրելի սպիտակուցի քանակ է 9 կգ քաշ ունեցող երեխայի համար։
Իսկ եթե 8 ամսկականը ունենա 9կգ-ից ցածր քաշ, սպիտակուցի չարաշահման պատկերն ավելի ցավալի կստացվի։
Հիշեցնեմ, որ այդ հաշվարկված քանակի մեջ մտնում է նաև այն սպիտակուցը, որը երեխան ստանում է կկ/կխ-ից։ Այսինքն օրինակ 9կգ քաշ ունեցող երեխան 11.79գ սպիտակուց ստանում է ոչ միայն հավելյալից, այլ նաև կկ-ից։ Հետևաբար հավելյալ այնպես է պետք տալ, որ սպիտակուցի քանակը 11.79գ սահմանին չհասնի։
Սրանք ուղղակի օրինակներ են։ Հաշվարկը կախված է երեխայի քաշից և մսի տեսակից
Այստեղից եզրակացություն։
Միսը, այո, պետք է տալ 6 ամսականից, ներառել սննդակարգ ու տալ հաճախակի, բայց չափավոր քանակով սպիտակուցների օրվա չափաբաժինը չչարաշահելու համար։
Հեղինակավոր աղբյուրները կոնկրետ օրական չափաբաժին չեն նշում։ Կողմնորոշվելու համար վերցրել ենք Ֆրանսիայի ուղեցույցի չափաբաժինները որպես մոտավոր ուղղորդվելու աղբյուր.
6-9 ամսականում օրական մոտ 10գ
9-12 ամսականում օրական մոտ 20գ
1-3 տարեկանում օրական մոտ 30գ
Ո՞ր տեսակներն են ավելի գերադասելի։
Երեխային պետք է բազմազանություն։ Հերթով ներմուծեք բոլոր տեսակները։ Հիշեք՝ կարմիր միսն ավելի հարուստ է երկաթով, սակայն այն չարաշահել չի կարելի. կարմիր միսը կարելի է շաբաթական երկու անգամից ոչ ավել։
Եթե երեխան ունի խնդիր հեմոգլոբինի հետ խորհուրդ է տրվում հաճախ առաջարկել օրգանների միսը, հատկապես’ տավարի/գառան լյարդը, քանի որ երկաթի պաշարները կուտակվում են լյարդում և այդպիսով այդ տեսակի միսն ամենահարուստն է երկաթով։
Հավելում. որպեսզի երկաթը լավագույնս յուրացվի, լավ կլինի հետն օգտագործել նաև վիտամին C պարունակող որևէ մթերք (կիվի, կիտրոն, նարինջ, բրոկկոլի, հաղարջ և այլն, դրանք բոլորը ևս 6+ են):
Պատրաստեց Իննա Խաչիկյանը
Շնորհակալություն Լիանա Ղազարյանին խմբագրելու հարցում օգնելու համար