Ո՞ր մթերքներն են կարելի 6+ ամսականում, ինչի՞ց սկսել հավելյալ սնունդը, ի՞նչ քանակությամբ տալ, ինչպե՞ս մատուցել
Հաճախակի տրվող հարցերԻնչպես սկսել հավելյալի ներմուծումը
*Զգուշացում
Սա խմբի ադմինների կազմած հոդվածն է. ադմինները մանկաբույժ և/կամ սննդաբան չեն։ Սա ուղղակի հավելյալի ներմուծման օրինակ է, այլ մթերքների հերթականությունը/երբ տալ-չտալը Ձեր ընտրությունն է։ Ավելի մասնագիտական կարծիք լսելու համար դիմեք մանկաբույժի կամ սննդաբանի։
Մի՜ սկսեք հավելյալը, եթե երեխան վատառողջ է կամ նոր-նոր է ապաքինվել (ապաքինվելուց գոնե մեկ շաբաթ անց սկսեք) կամ նոր է ստացել/ստանալու հերթական պատվաստումը։
1. Ե՞րբ սկսել։
ԱՀԿ-ն հստակ նշում է 6 ամսականից։ Մինչև 6 ամսական հավելյալ սնունդը համարվում է անիմաստ և նույնիսկ որոշ առումով վնասակար, քանի որ նույնիսկ մեկ գդալիկ հավելյալը զբաղեցնում է այն տեղը, որը պետք է զբաղեցներ կկ/կխ-ն։ Կրծքով/կաթնախառնուրդով կերակրումը լիովին բավարար է երեխային մինչև 6 ամսական։ Ու չնայած որոշ այլ աղբյուրներ ընդունելի են համարում մինչև 6 ամսականը հավելյալ ներմուծելը, բոլորը միևնույնն է նշում են ցանկալի 6+:
Եթե Դուք կրծքով եք կերակրում և ունեք կկ խնդիրներ, կամ երեխան ունի քաշի խնդիր, կարող եք դիմել Կրծքով կերակրելու սենյակ խմբին կամ կարդալ կրծքով կերակրելու վերաբերյալ մանրամասն տեղեկություն http://kksenyak.am/ կայքում։
2. Ի՞նչ է կարելի 6+ ամսական բալիկին։
ԱՀԿ-ն նշում է, որ երեխան պետք է ուտի առողջ ու բազմազան սնունդ, առաջին անհրաժեշտության մթերքներ է նշում միսը, ձուկը և ձուն։
Ըստ ԱՀԿ-ի երեխային մինչև 1 տարեկան չի կարելի մեղր (բոտուլիզմի վտանգի պատճառով) և կաթ։
Կաթը կարելի է օգտագործել քիչ քանակությամբ որպես բաղադրիչ, սակայն առօրյա ու մեծ քանակով օգտագործումը հակացուցված է։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել շաքարավազից, հյութերից, թեյերից, սուրճից, աղից և այլ անառողջ համարվող սննդից։
Այլ սահմանափակում/աղյուսակ ԱՀԿ-ն չի տրամադրում։
3. Ե՞րբ առաջարկել։
Խորհուրդ ենք տալիս հավելյալ առաջարկել կկ/կխ կուշտ ուտելուց մոտ 40 րոպե անց։ Այդ դեպքում բալիկը կլինի բավականաչափ սոված, որ ցանկանա որևէ բան փորձել, բայց ոչ այնքան սոված, որ հավելյալով կշտանա։ Հավելյալն այս տարիքում գալիս է ի լրացում կաթով կերակրումների, այլ ոչ թե դրանք փոխարինելու։
Քանի դեռ հավելյալ առաջարկում եք օրը մեկ անգամ, խորհուրդ ենք տալիս այն կերակրել առավոտյան ժամերին (հատկապես սուր ալերգենների ներմուծման ժամանակ), որ ռեակցիայի ի հայտ գալու դեպքում կարողանաք դիմել մանկաբույժին։
4. Սուր ալերգեններ։
Մարդն ալերգիա կարող է ունենալ ցանկացած մթերքից, սակայն սուր ալերգեններ համարվում են հետևյալ 8 մթերքները.
Գետնանուշ, ընդեղեն, սոյա, գլյուտեն, խեցգետնատիպ մթերքներ, ձուկ, ձու, կաթ։
Ալերգիան առաջին անգամյա օգտագործումից կարող է ռեակցիա չտալ, այլ ի հայտ գալ 2-րդ, 3-րդ օգտագործումից հետո։ 3 օր իրար հետևից գդալի ծայրով տալիս եք ալերգենը (օրինակ՝ պինդ խաշած ձվի դեղնուց) այդ 3 օրը + հետագա 2 օրը նոր մթերք չեք ներմուծում:
Առողջապահության նախարարությունները չեն նշում ալերգենները ներմուծելու հատուկ կարգ։ Ասում են, որ եթե ընտանիքում կա ալերգիկ ֆոն, խորհրդակցեք ալերգոլոգի հետ հավելյալը ներմուծելիս, իսկ եթե չկա ալերգիկ ֆոն, քիչ-քիչ ներմուծեք ալերգենները։ Մենք առաջարկում ենք ալերգիկ ֆոն չլինելու դեպքում վերը նշված մեթոդով ներմուծել ալերգենները, իսկ ալերգիկ ֆոն լինելու դեպքում անպայման խորհրդակցել մանկական ալերգոլոգի հետ, ով կարող է և՜ ստուգել, թե ինչից երեխան ալերգիա ունի, և՜ կարող է ուղղորդել, թե որ մթերքն ինչպես ու երբ ներմուծել։
*Եթե Ձեր բալիկը չունի ալերգիկ ֆոն, սակայն որևէ սննդից եղել է ալերգիկ ռեակցիա (ցանավորում, փսխում, ուժեղ փորլուծություն), անպայման դիմեք մանկական ալերգոլոգի։
5. Ինչի՞ց սկսել։
ԱՀԿ-ն կոնկրետ մթերքների հերթականություն չի նշում, չունի ոչ մի ցանկ/աղյուսակ: ԱՀԿ-ն չի նշում նաև նույն մթերքը երեք օր իրար հետևից տալու անհրաժեշտության մասին (երեք օր նույն մթերքը տալու մասին նշում են միայն որոշ աղբյուրներ այն էլ միայն սուր ալերգենների վերաբերյալ): Ուղղակի ասում է առողջ սնունդ։ Տարբեր երկրների առողջապահության նախարարություններ տարբեր մթերքներ են նշում որպես հավելյալը սկսելու լավ չափանիշ (Ֆրանսիան՝ դդմիկ, Գերմանիան՝ գազար, Կանադան՝ միս, Բրիտանիան՝ ուղղակի բանջարեղեն և այլն): Հաշվի առնելով բոլոր այս նախարարությունների խորհուրդները՝ մենք խորհուրդ կտանք հավելյալը սկսել բանջարեղենից (սա արդեն մեր խմբի խորհուրդն է):
Առաջարկում ենք ներմուծել 2-3 տեսակի բանջարեղեն (օրինակ՝ ծաղկակաղամբ, բրոկոլի, գազար, բազուկ, դդմիկ, դդում, պղպեղ): Հաջորդը ներմուծել միս (խորհուրդ ենք տալիս նախընտրությունը տալ տավարի մսին որպես երկաթով ավելի հարուստ մսի տեսակ): Այն կարող եք ավելացնել կես թեյի գդալի չափով որևէ փորձված բանջարեղենի։ Սակայն հիշե՜ք, որ կարմիր տեսակի միսը (տավար, գառ, խոզ) կարելի է շաբաթական երկու անգամից ոչ ավել։
Հաջորդը որևէ հացահատիկ ավելացրեք սննդակարգ, բայց դրանից առաջ խորհուրդ ենք տալիս ստուգել գլյուտենի հանդեպ ալերգիան։ Չնայած՝ կան հացահատիկներ, որոնք բնականից գլյուտեն չեն պարունակում (օրինակ՝ վարսակ, հնդկաձավար, եգիպտացորեն, կորեկաձավար), սակայն դրանք կարող են պարունակել գլյուտենի հետքեր, եթե օրինակ՝ ցորենի հետ նույն արտադրամասում են վերամշակվել: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ցանկացած հացահատիկ ներմուծելուց առաջ ստուգել գլյուտենի հանդեպ ալերգիան։
Գլուտենն առկա է մի քանի հացահատիկի և դրանցից ստացվող այլ տեսակների մեջ։ Ալերգիան կարող եք ստուգել օրինակ՝ եփված ձավարի մի քանի հատիկ երեխային տալով (վերևում ալերգենների ներմուծման եղանակով): Կամ ձավարի փոխարեն կարող է լինել բլղուր, գարեձավար, սպիտակ ալյուր և այլն։
Այսպիսով Դուք արդեն ներմուծել եք 3 տեսակ բանջարեղեն, 1 տեսակ միս և 1 տեսակ հացահատիկ։
Առաջին ալերգենը ներմուծելուց հետո առաջարկեք բանջարեղենի տեսակներից (վերը նշված ցուցակից ևս 2-3 բանջարեղեն ավելացրեք), այնուհետև ևս մեկ հացահատիկ, + կարող եք արդեն որպես միջանկյալ սնունդ տալ միրգ (Ձեր ընտրությամբ սեզոնային ցանկացած միրգ): Միրգը ներմուծելուց հետո անցեք հաջորդ սուր ալերգենի ներմուծմանը։ Օրինակ՝ ձուկ։ Այդպես կամաց-կամաց և՜ մթերքները կավելացնեք, և՜ ալերգենները կներմուծեք։
6. Ինչպե՞ս մատուցել հավելյալը։
Հավելյալի մատուցման տարբեր ձևեր կան. բլենդած, տրորած կամ ԲԼՎ մեթոդով (այսինքն՝ միանգամից համապատասխան կտորներով կտրատած): Հեղինակավոր աղբյուրները այս հարցի շուրջ նշում են միայն, որ 9+ տարիքում միազանգված ճաշեր երեխային այլևս պետք չէ տալ։
Մենք խորհուրդ ենք տալիս դասական հավելյալը սկսել տրորած տեսքով, քանի որ տրորած զանգված ուտելն ի տարբերություն բլենդածի զարգացնում է երեխայի ործկալու ռեֆլեքսը, ինչը շատ կարևոր է։ Ցանկացած բանջարեղեն եփեք, լավ տրորեք, կամ անցկացրեք մանր քերիչով։ Միսը ևս լավ եփելուց հետո կարող եք անցկացնել մանր քերիչով ու մի փոքր ջրով տրորել։ Հում բանջարեղեն/միրգը ամենամանր քերիչով անցկացրեք, իսկ փափուկները՝ տրորեք։
Հիշեցնենք, որ լավ տրորած զանգված երեխային կերակրելը ավելի ռիսկային չէ, քան բլենդած կերակրելը, նույնքան ապահով է։
7. Ինչքա՞ն առաջարկել։
ԱՀԿ-ն կոնկրետ քանակ չի նշում, միայն ասում է, թե որքան կալորիա պետք է ստանա երեխան 6-7-8… ամսականներում հենց հավելյալ սննդից։
Մենք առաջարկում ենք առաջին 4-5 օրը չգերազանցել 2-3 գդալիկ չափը։ Շատ երեխաներ հավելյալը սկսելիս ունենում են փորկապություն։ Որպեսզի տեսնեք, թե ինչքանով է հեշտ դուրս բերում օրգանիզմից երեխան նոր սնունդը, առաջին 4-5 օրը տվեք մինիմալ քանակով։ Այնուհետև, եթե խնդիր չի լինի, կամաց-կամաց կավելացնեք։
Ըստ ԱՀԿ-ի կրծքով կերակրվող երեխան օրական հավելյալից պետք է ստանա
- 6-8 ամսականներում 130-200 կկալ,
- 9-11 ամսականներում 300-310 կկալ
- 12-23 ամսականներում 550-580 կկալ
Կաթնախառնուրդով կերակրվող երեխան 6-12 ամսականներում օրական պետք է խմի 280-500 մլ կխ, եթե ուտում է կենդանածին մթերքներ, և 400-500 մլ կխ, եթե չի ուտում կենդանածին մթերքներ։
* Կաթնախառնուրդով կերակրվելու դեպքում կխ տալու քանակը/հաճախականությունը 6+ ամսականում հավելյալի հետ համատեղ քննարկեք մանկաբույժի կամ սննդաբանի հետ քաշի հետ խնդիրներից խուսափելու համար։
8. Օրը քանի՞ անգամ առաջարկել։
Առաջին 4-5 օրը խորհուրդ կտանք օրը 1 անգամ, մարսողությանը հետևելու համար։ Այնուհետև քիչ-քիչ քանակ ավելացնելու հետ մեկտեղ, կարող եք փոքր պորցիաներով 2 անգամ առաջարկել։
8+ ամսականներում 3 անգամ։
10-11+ ամսականներում 4 անգամ, ինչպես նաև միջանկյալ մրգեր։
Երեխային անհրաժեշտ է առողջ ու բազմազան սննդակարգ։ Աշխատեք կենտրոնանալ օգտակար և սննդարար մթերքների վրա (օրինակ՝ ձուկ, միս, ամբողջահատիկ հացահատիկներ, բանջարեղեն, միրգ), այլ ոչ թե զուտ համեղ մթերքներ առաջարկել (հաց, լավաշ, թխվածքաբլիթ)։ Երեխայի սննդային առողջ սովորությունները ձևավորվում են հենց հավելյալը սկսելու օրվանից։ Խորհուրդ ենք տալիս ի սկզբանե հավելյալ սնունդը ներմուծել սննդային առողջ սովորություններով։
Դա նշանակում է.
-չքաղցրացնել խյուսերը, որ համը դուրը գա, ուտի,
-աղ չավելացնել
-մուլտերով չկերակրել
-խաղալիքներով չշեղել, որ բերանը բացի
Երեխան պետք է ծանոթանա մթերքների բնական համերին, հասկանա ընտանիքի սնվելու մշակույթը (դրա համար փորձեք միասին ճաշել, այլ ոչ միայն երեխային կերակրել), ընկալի՝ ինչի համար է բացի կաթից այլ բան ուտում, գիտակցելով ու ինքնակամ ուտի ցանկացած առաջարկվող ճաշ, սովորի հասկանալ սեփական օրգանիզմի սովածության ու կուշտ լինելու նշանները։
Հեղինակ՝ Իննա Խաչիկյան
Շնորհակալություն Լիանա Ղազարյանին խմբագրելու հարցում օգնելու համար։