Կարելի՞ է արդյոք հաց կամ մակարոն տալ երեխային, ո՞ր տեսակի ալյուրներից պատրաստված հաց/մակարոնեղենն է կարելի երեխային
Հաճախակի տրվող հարցերԳոյություն ունեն տարբեր տեսակի ալյուրներ վերամշակման տարբեր աստիճան անցած և հետևաբար տարբեր օգտակարություն ունեցող։
Ամենաօգտակար ալյուրները դա ամբողջահատիկ ալյուրներ են, այսինքն’ երբ հացահատիկը չվերամշակված տեսքով աղում են ու ստանում ալյուր։
Դրանցից են’
Ցորենի ամբողջահատիկ ալյուրը
Տարեկանի ալյուր
Եգիպտացորենի ալյուր
Հնդկաձավարի ալյուր
Վարսակի ալյուր
Հաճարի ալյուրը
Ցորենն ունի նաև երկրորդ սորտի ու առաջին կարգի ալյուր։ Ամբողջահատիկ ալյուրն, ավելի օգտակար է, քան երկրորդ սորտի ալյուրը, բայց երկրորդ սորտի ալյուրն ավելի օգտակար է, քան առաջին կարգի ալյուրը։ Բարձր կարգի սպիտակ ալյուրը ստացվում է մի շարք վերամշակման շնորհիվ, արդյունքում դառնում է թեթև, հաճելի, բայց ոչ օգտակար։
Առողջ սննդակարգում պետք է գերակշռեն ամբողջահատիկ ալյուրները և հնարավորինս բացառվեն վերամշակվածները։
Մակարոնեղեն ու հաց գնելիս ևս դրան ուշադրություն դարձրեք։
Մակարոնը վնաս չէ ու կարելի է ընդգրկել սննդակարգ, եթե այն պատրաստված է ցորենի ամբողջահատիկ կամ հնդկաձավարի կամ եգիպտացորենի ալյուրներից։ Այդ տեսակ մակարոնը համարվում է առողջ սննդի մի մաս։
Բարձր կարգի ալյուրից ստացված մակարոնը չարժե հաճախակի օգտագործել, այն գրեթե չունի օգտակարություն։
Նույնը վերաբերում է նաև հացին։ Ամբողջահատիկ ալյուրներից պատրաստված հացը համարվում է առողջ սննդի մի մաս, երկար ածխաջրեր, որոնք խիստ անհրաժեշտ են։ Իսկ սպիտակ ալյուրից պատրաստված հացն անօգուտ ու ստամոքսում զուտ տեղ զբաղեցնող մթերք է։
Լինում են հացի տեսակներ, որոնց վրա գրված է տարեկանի ալյուրով, բայց դրանք էլ բացառապես առողջ չեն։ Բաղադրությունն ուշադիր նայեք, դրա մեջ պետք է առկա չլինի բարձր կարգի ալյուրը։
Որոշ արտադրողներ մարքեթինգային քայլ են անում. հացը պատրաստելիս օգտագործում են մեծամասամբ սպիտակ ալյուր, փոքր քանակով տարեկանի ալյուր են ավելացնում ու վրան գրում “տարեկանի ալյուրով կամ թեփով հաց”, բայց իրականում դա ևս առողջ չէ, քանի որ մեջը գերակշռում է բարձր կարգի ալյուրը։
Հացը գնելիս ուշադիր կարդացեք բաղադրությունը վստահ լինելու համար, որ միայն ամբողջահատիկ ալյուրից է պատրաստված։
Առողջ ամբողջահատիկ ալյուրներից պատրաստված հացը/մակարոնը 6+ են, բայց դրանք ներմուծելուց առաջ խորհուրդ ենք տալիս ստուգել գլյուտենի ալերգիան։
Ինչ վերաբերում է բրնձի ալյուրին, ապա այն պետք է սննդակարգում խիստ սահմանափակել։
Բրինձը պարունակում է մեծ քանակությամբ մկնդեղ։ Եթե հենց բրինձ եփելու դեպքում մկնդեղի քանակը կարելի է քչացնել մեծ քանակությամբ ջրով եփելու, ջուրը թափելու ու բրինձը լվանալու մեթոդով, ապա բրնձի ալյուրի հետ նույնն անել չի հաջողվի, իսկ թե ալյուրի մեջ մկնդեղի քանակը որքան է և արդյոք ստանդարտներին համապատասխան է արտադրվել, չեք կարող իմանալ։
Այդ պատճառով NHS-ը և AAP-ն խորհուրդ են տալիս տալ երեխային բազմազան սնունդ և չչարաշահել բրինձը կամ բրինձ պարունակող սնունդը, որոնցից են օրինակ մանկական պատրաստի խյուսերը։
Նյութը պատրաստեց Իննա Խաչիկյանը