Ի՞նչ անել, երբ երեխան փորկապություն ունի
Հաճախակի տրվող հարցերՄայրիկների մեծամասնությունը հավելյալը ներմուծելիս բախվում է այս խնդրին։
Նախ պետք է իմանալ, որ փորկապությունը հավելյալը նոր սկսող բալիկի մոտ շատ հաճախ հանդիպող երևույթ է ու խուճապի կարիք չկա։ Երեխայի օրգանիզմը 6 ամիս սովոր է եղել մարսելու կաթը (կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը), դրանից հետո ցանկացած հավելյալ նույնիսկ ամենադյուրամարս բանջարեղենը կարող է փորկապություն առաջացնել։
Պարզաբանենք, թե ինչն է համարվում փորկապություն։
Կարելի է ասել, որ երեխան ունի փորկապություն, եթե
❗նա կեղտոտում է շաբաթական 2-3 անգամից քիչ,
❗զանգվածը չափազանց պինդ է (քարե գնդիկների պես),
❗կեղտոտելիս ցավից լացում է, ու նկատում եք արյան հետքեր։
Ինչ անել փորկապությունից խուսափելու համար։
1. Մի չարաշահեք հավելյալի քանակը։ Առաջին 4-5 օրը տվեք օրը մեկ անգամ 2-3 գդալ, որպեսզի տեսնեք երեխայի օրգանիզմն ինչպես է արձագանքում։ Եթե տեսնեք մարսողությունը լավ է, երեխան էլ իրեն լավ է զգում, նոր քիչ-քիչ ավելացրեք քանակը։
2. Հավելյալ տվեք կաթից 30-40 րոպե անց։ Նախ, որ երեխան սոված փորին միանգամից շատ հավելյալ չուտի, հետո կաթը կօգնի մարսողությանը։ Եթե բալիկը կրծքով է կերակրվում, կկ առաջարկեք նաև ուտելուց հետո։
3. Մի շտապեք սկսել փորիկը պնդացնող բրնձից։ Շատ մամաներ են այն նախընտրում որպես առաջին հավելյալ, բայց դա սխալ է։
Ինչ անել, եթե բալիկն արդեն ունի փորկապություն։
1. Առաջարկել փորիկը թուլացնող մթերքներ։ Դա կարող է լինել սալոր, ծիրան, թութ։ Նույն մթերքները կարող եք առաջարկել սառեցրածը կամ չրերը (վրան եռման ջուր լցնելով փափկեցնելով իհարկե)
2. Առաջարկել հում միրգ/բանջարեղեն, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով (fiber/клетчатка)։
3. Եթե երեխան դժվարանում է կեղտոտել, ու արդեն իսկ կա փորկապություն, դադար տվեք հավելյալին 1-2 օրով, տվեք միայն իր կաթը (կկ կամ ԿԽ), մինչև աղիների ֆունկցիան կկարգավորվի։
4. Խուսափեք որոշ ժամանակ փորը պնդացնող մթերքներից (բրինձ, կարտոֆիլ, հաց, մակարոնեղեն, եգիպտացորեն և այլն):
Եթե փորկապությունը երկարատև է, և դեպի լավը փոփոխություններ չեք նկատում, խորհրդակցեք մանկաբույժի հետ հետագա անելիքների վերաբերյալ։
Աղբյուր՝
https://www.nhs.uk/conditions/pregnancy-and-baby/constipation-and-soiling/
Պատրաստեց՝ Իննա Խաչիկյանը
Շնորհակալություն Լիանա Ղազարյանին օգնության համար