Բաղադրատոմսեր նախաճաշի համար

Սկսնակների համար

Բաղադրատոմսեր
Բաղադրատոմսեր նախաճաշի համար

Հավելյալը նոր սկսող ու մի քանի մթերք արդեն իսկ փորձած բալիկների համար առաջարկում ենք մի քանի պարզ բաղադրիչներից համեղ եւ օգտակար համադրություններով բաղադրատոմսեր նախաճաշի համար։
Բաղադրատոմսերը պարունակում են սուր ալերգեններ (գլյուտեն, ընդեղեն, գետնանուշ, ձու)։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս նախապես ստուգել սուր ալերգենները։

  1. Վարսակի հատիկներով շիլա

    Վարսակի հատիկները մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել քերած խնձոր, սև հաղարջ, կտավատի աղացած սերմեր, եգիպտացորենի ձեթ։ Միասին տրորել։

  2. Ծաղկակաղամբով ձվածեղ

    Ծաղկակաղամբը լվանալ, անցկացնել մանր քերիչով։ Գազարն անցկացնել մանր քերիչով։ Ավելացնել մեկ ձու, լավ խառնել, լցնել չկպչող թավայի մեջ (առանց ձեթի), դնել թույլ կրակին, փակել կափարիչը, լավ եփել։ Խորհուրդ ենք տալիս երեխային առաջարկել 1/4 մասը, քանի որ 6-9 ամսականի օրական մոտավոր չափաբաժինը ձվի 1/4-ն է (սպիտակուց ու դեղնուց միասին)։

  3. Ցորենով շիլա

    Ցորենը մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել կեղևահան արած ու տրորած սալոր, տրորած մոշ, աղացած քունջութ, արևածաղկի ձեթ։ Միասին տրորել։

  4. Կորեկաձավարով շիլա

    Կորեկաձավարը մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել քերիչով անցկացրած ծիրան, մանր կտրատած ելակ, չիայի աղացած սերմեր, ձիթապտղի ձեթ։ Միասին տրորել։

  5. Հաճարով շիլա

    Հաճարը մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել մանր կտրատած ու տրորած թուզ, մանր կտրատած գիլաս, աղացած քեշյու, հլածուկի ձեթ։ Միասին տրորել։

  6. Դդմիկով ձվածեղ

    Դդմիկը լվանալ, կեղևազրկել, քերիչով անցկացնել։ Կարմիր պղպեղը քերիչով անցկացնել։ Ավելացնել մեկ ձու, լավ խառնել միասին։ Լցնել չկպչող թավայի մեջ (առանց ձեթ), կափարիչը փակել, դնել թույլ կրակին, լավ եփել։ Խորհուրդ ենք տալիս երեխային առաջարկել 1/4 մասը, քանի որ 6-9 ամսականի օրական մոտավոր չափաբաժինը ձվի 1/4-ն է (սպիտակուց ու դեղնուց միասին)։

  7. Գարեձավարով շիլա

    Գարեձավարը մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել մանր կտրատած ու տրորած մանգո, ազնվամորի, աղացած գետնանուշ ու կտավատի ձեթ։ Միասին տրորել։

  8. Քինոայով շիլա

    Քինոան մաքրել, լվանալ, եփել։ Ավելացնել տրորած բանան, մանր կտրտած ու տրորած բալ, աղացած նուշ, ձիթապտղի ձեթ։ Միասին տրորել։

  9. Վարսակի փաթիլներով շիլա

    Վարսակի փաթիլները եփել (ընտրեք երկար եփվող տեսակը, 15-20 րոպե)։ Ավելացնել քերած խնձոր, կիվի, աղացած պնդուկ, արևածաղկի ձեթ։ Միասին տրորել։

  10. Խաշած ձու ավոկադոյով

    Ձուն լավ խաշել։ 1/4 մասը ավոկադոյի հետ տրորել։

  11. Եգիպտացորենով շիլա

    Եգիպտացորենը եփել։ Ավելացնել տրորած թութ ու կարմիր հաղարջ, դդմի աղացած սերմեր ու խաղողի կորիզի ձեթ։ Միասին տրորել։

  12. Հնդկաձավարով շիլա

    Հնդկաձավարը մաքրել, լվանալ, եփել։ Անջատելուց 2 րոպե առաջ ավելացնել քերիչով անցկացրած դդում։ Անջատելուց հետո ավելացնել քերիչով անցկացրած թարմ բազուկ և ձիփապտղի ձեթ։ Միասին տրորել։