ԲԼՎ մեթոդի առավելությունները


ԲԼՎ մեթոդի առավելությունները

Հեղինակ՝ կլինիկական հոգեբան Մարինա Բաղդասարյան

Եթե ծանոթ չեք ԲԼՎ/BLW մեթոդին, կարող եք կարդալ հետևյալ հոդվածը, որտեղ մանրամասն ներկայացված է՝ ինչ է այն իրենից ներկայացնում, հղումը՝ Ի՞նչ է ԲԼՎ-ն ։

ԲԼՎ մեթոդն ունի մի շարք առավելություններ, սակայն այն կլինի իսկապես արդյունավետ, եթե ճիշտ կիրառվի: Կիրառության կանոնների մասին շատ հոդվածներ ունենք. այս հոդվածով փորձեմ ներկայացնել մեթոդի առավելությունները հոգեբանական տեսանկյունից:

Նախ և առաջ պետք է սկսել նրանից, որ մեթոդը նպաստում է բալիկի ինքնուրույնությանը: Ի՞նչ է տեղի ունենում: Երեխան ինքն է ուտում իր ձեռքերով, ուտում է այն, ինչ ինքն է ուզում, ուտում է այնքան, որքան ինքն է ուզում: ԲԼՎ մեթոդը խրախուսում է երեխայի ինքնուրույնությունը: Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե գումարենք նաև մայրիկի՝ ինքնուրույնությանը նպաստող վարքը, օրինակ՝ այլ հարցերում ևս թույլ տալ բալիկին ինքնուրույն որոշումներ կայացնել, թեկուզ՝ ընտրել 2 առաջարկվող տարբերակներից մեկը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ մի քանի տարի անց մայրիկն այլևս անելիք չի ունենա երեխայի խնամքի հարցում։ Բալիկն ինքնուրույն կհոգա իր կարիքները, ընդհուպ մինչև քաղցած լինելու դեպքում ինքնուրույն կգնա խոհանոց, կընտրի սնունդ ու կուտի:

Հաջորդ առավելությունը կապված է բալիկի խոսքի զարգացման հետ: Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք, խոսքի: Գլխուղեղը կառավարում է մեր ամբողջ մարմինը հատուկ նշանակության դաշտերի միջոցով։ Մոտորիկայի համար պատասխանատու կենտրոնը տեղակայված է խոսքի համար պատասխանատու կենտրոնների՝ Բրոկայի (շարժողական) և Վերնիկեի (զգայական) հենց մեջտեղում: Բազմաթիվ հետազոտություններ կան արված, որոնք փաստում են, որ զարգացնելով մանր մոտորիկան, հնարավոր է հաջողությունների հասնել նաև խոսքի զարգացման հարցում: Այսպիսով, երեխան ինքնուրույն ուտելով, հատկապես մանր հատիկավոր սնունդը մատիկներով բռնելով` ինքնըստինքյան նպաստում է, որ զարգանա մանր մոտորիկան, ինչն էլ իր հերթին նպաստում է խոսքի կենտրոնի ակտիվացմանը:

Խոսքի զարգացմանն է նպաստում նաև ծամելը, ինչը երեխան սովորում է ԲԼՎ մեթոդի առաջին իսկ օրերից (այս մասին կարող եք կարդալ բժիշկ-լոգոպեդ Մարիամ Պետրոսյանի հոդվածում, հղումը՝ Բլենդած vs. տրորած սննդի մասին։

Մյուս առավելությունը կապված է երեխայի՝ իրեն ընտանիքի լիիրավ անդամ զգալու հետ: Եկե՛ք պատկերացնենք, որ Դուք գնում եք Ձեր ծնողների տուն։ Ձեր մայրը Ձեզ համար առանձին ափսեով անհասկանալի բաղադրությամբ մի ճաշ է լցնում, որ ուտեք։ Հետո Դուք վերջացնում եք, հեռանում եք սեղանից, մայրիկը այլ սեղան է պատրաստում՝ տան մյուս անդամների համար համեղ, բուրավետ ու անչափ գրավիչ ուտեստներով, Ձեզ էլ այլ զբաղմունք է տալիս մինչ իրենք միասին ճաշում են, հաճելի շփվում ու կիսվում օրվա իրադարձություններով։ Իսկ հիմա նույնը պատկերացրեք բալիկի հետ. երեխային նստեցնում եք կերակրման աթոռին, կերակրում հատուկ իր համար պատրաստված ճաշիկը, իջեցնում աթոռից, հետո պատրաստում սեղան ողջ ընտանիքի համար՝ սեղանին դնելով բազմատեսակ մթերքներ։ Դուք ընտանիքով նստում ճաշում եք, ճաշի ընթացքում մտերմիկ զրուցում եք, շփվում, իսկ երեխան այդ ընթացքում մի տեղ միայնակ խաղում է: Պատկերացրեցի՞ք, թե ինչպես երեխան կզգա իրեն: Այո՛, շատ վատ: Երեխան այդ կերպ իրեն դուրս կզգա ընտանիք կոչվող համակարգից: Հիմա եկե՛ք պատկերացնենք, որ սեղանը պատրաստում եք, սեղանին դնում տարատեսակ մթերքներ, բոլորով նստում սեղանի շուրջ, այդ թվում՝ բալիկը: Բոլորով օգտվում եք նույն սննդից: Սա հիանալի հնարավորություն է երեխային ինտեգրել ընտանիքի սովորույթների մեջ, այդ թվում՝ միասին ճաշելու սովորույթի մեջ. երեխան ակամայից սկսում է ենթարկվել ընտանեկան կանոնակարգին:

Հաջորդ կարևոր առավելությունը, որին կցանկանայի անդրադառնալ, ուտելու մշակույթի ձևավորումն է: Մենք հաճախ խորհուրդ ենք տալիս ձևավորել ուտելու մշակույթ. փորձեմ բացատրել, թե ինչ է այն ու որքանով է կարևոր: Ուտելու մշակույթն այն ռիտուալն է, որը տեղի է ունենում տվյալ ընտանիքում սնունդ ընդունելու պահին և դրան նախապատրաստվելիս: Դա կարող է լինել, օրինակ՝ միասին սեղան պատրաստել, ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր տեղն ունենալ սեղանի շուրջ, ճաշելուց առաջ լվացվել, սնվելուց առաջ միմյանց բարի ախորժակ մաղթել, ճաշի ժամանակ զրուցել ինչ-որ հաճելի թեմայով, վերջում միասին սեղան հավաքել և այլն: Ինչո՞վ է կարևոր սա: Նախ ռիտուալները ճաշելու պրոցեսն ավելի մտերմիկ ու անմիջական են դարձնում, բացի այդ այս գործողությունները խարիսխ են հանդիսանում ու կարծես օրգանիզմին «հուշում», որ շուտով սնունդ կընդունի, հատկապես, եթե ամեն օր ճաշը կազմակերպվում է նույն ժամին, մեր ստամոքսը կարծես թե պատրաստ է լինում սնունդ ընդունելուն, անգամ մինչև սննդի ստամոքս հասնելը, արդեն սկսվում է ստամոքսահյութ արտադրվել (հիշենք Պավլովի հայտնի գիտափորձը) ու երեխան ավտոմատ սկսում է քաղց զգալ, ինչն էլ նպաստում է, որ բալիկն ավելի ախորժակով ու հաճույքով ուտի: Հավելյալը նոր սկսող մայրերին անհանգստացնող թիվ մեկ տագնապը թերևս այն է, որ բալիկը, հնարավոր է, չի կշտանում: Եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ անհնար է երեխան 6 ամիս միայն կրծքի կաթով (կամ կաթնախարնուրդով) սնվի ու նորմալ քաշ հավաքի ու հանկարծ 6 ամսականից հետո՝ հավելյալը սկսելուն պես, արդեն քաղցած մնա, կա մեկ այլ հանգամանք: Սնվելու պահանջմունքը բազային պահանջ է. այն գտնվում է բնազդային մակարդակում, ու պահանջում է անմիջապես բավարարում, այլ կերպ ասած բալիկը չի կարող կենտրոնանալ խաղի կամ այլ զբաղմունքի վրա, եթե այդ պահանջմունքը նրա մոտ մնա չբավարարված: Երեխան ուղղակի չի կարող լինել քաղցած ու մայրը չզգա դա: Երեխան կսկսի լաց լինել, կդառնա նյարդային, կուրծք կփնտրի, մի խոսքով՝ կհասկացնի Ձեզ, որ ուզում է սնվել: Ինչպես առանց կամային ջանքեր գործադրելու բնազդաբար քաղց ենք զգում, այնպես էլ բալիկը քաղց զգալու դեպքում բնազդաբար սկսում է քաղցը հագեցնելու փորձեր անել, այսինքն՝ սկսում է սնունդ փնտրել, լինի դա կկ, կխ, թե հավելյալ սնունդ: Այստեղ ամեն ինչ կախված է արդեն մայրիկի՝ օրակարգը կազմակերպելու հմտությունից: Այսինքն՝ կարող ենք հանգիստ բացառել այն տարածված կարծիքը, որ երեխան իրեն սովի է մատնում, դիտմամբ չի ուտում և այլն: Հատկապես ԲԼՎ բալիկների պարագայում մեթոդը որոշ ժամանակ կիրառելուց հետո, երեխան արդեն հստակ սկսում է գիտակցել պրոցեսի նշանակությունը և արդեն հասկանում է, որ դա իր կշտանալու «հնարավորությունն է» ու, հավատացե՛ք, քաղցած լինելու դեպքում միանշանակ կուտի, եթե, իհարկե, այս դեպքում մայրիկին կրկին չհաղթեն իր տագնապները, ու նա երեխային չսովորեցնի ճաշ չուտելու դեպքում այլ՝ ոչ առողջ միջանկյալներով կշտացնելու բացասական սովորությունը: Եթե բոլոր կանոնները պահպանելով ԲԼՎ կիրառելուց 1-2 ամիս անց երեխան նստում ու չի ուտում ճաշը, ուրեմն վստահ եղեք, որ բալիկը քաղցած չէ: Այս դեպքում կարող եք ուղղակի մի փոքր մեծացնել կկ-ից հետո հավելյալն առաջարկելու ժամանակային ինտերվալը:

Այժմ անդրադառնանք հավելյալը կազմակերպելու ընթացքում մայրիկների կողմից թույլ տրվող սխալներին

Ամենահաճախ թույլ տրվող սխալներից է, երբ մայրիկն ակնկալում է, որ բալիկը կնստի սեղանի շուրջ ու կուտի X քանակի սնունդ, իսկ երբ բալիկն ուտում է X-1 քանակությամբ, սկսում է տագնապել ու մտածել, որ երեխան սոված մնաց: Մենք երբեք չենք կարող հստակ իմանալ՝ արդյոք երեխան կշտացավ այդ քանակից, թե՝ ոչ, քանի որ չկա հստակ չափ, թե որքան պետք է ուտի երեխան: Մնում է վստահել բալիկին ու հետևել աճի տենդենցին։ Եթե ամեն ինչ կարգին է, ուրեմն անհանգստանալու կարիք չկա: Հավատացե՛ք ու վստահե՛ք Ձեր բալիկներին. նրանք շատ խելացի են ու բոլորից լավ գիտեն, թե որքան է իրենց պետք ուտել: Ամփոփելով կարող ենք ասել, որ այստեղ գործ ունենք մայրիկի չափից մեծ սպասելիքների հետ, աշխատե՛ք Ձեր սպասելիքները քչացնել ու հավասարեցնել զրոյի:

Մի՛ լարվեք։ Պատկերացնու՞մ եք բալիկի վիճակը, երբ կողքին նստած է լարված ու ջղաձգված մայրը ու ձևացնում է, թե ուտում է, բայց աչքի տակով հետևում է, թե որքան կերավ բալիկը: Այո՛, ճիշտ հասկացաք, սա ևս երեխաները ֆիքսում ու շատ լավ հասկանում են: Իսկ հիմա եկե՛ք պատկերացնենք մայրիկին, ով նստած իր ճաշն է վայելում՝ չշեղվելով ոչ մի այլ ազդակի վրա: Երեխային ի՞նչ է մնում, եթե ոչ՝ կրկնօրինակել իր համար ամենահեղինակավոր մարդու՝ մոր վարքագիծը: Եթե ցանկանում եք, որ Ձեր բալիկը նստի սեղանի շուրջ ու կենտրոնանա ուտելու վրա, ապա բարի՛ եղեք ինքներդ այդպես անել ու չշեղել Ձեզ այն հարցով՝ արդյոք բալիկը կերավ թե ոչ: Իսկ եթե այնուամենայնիվ չեք կարողանում «անջատել» Ձեզ այդ մտքից ու վախ է առաջանում, որ բալիկը քաղցած կմնա, մեկ անգամ ևս կարդացե՛ք մի քանի պարբերություն վերև: Ամփոփելով կարող ենք դուրս բերել մի քանի կարևոր կետ.

  1. Ձեր բալիկը կլինի ուտող թե չուտող, շատ բան կախված է հենց Ձեզանից. ոչ մի երեխա գիտակցված իրեն սովի չի մատնում: Հաջողված կհամարենք հավելյալի ներմուծումը, թե ոչ՝ մեծամասամբ կախված է հենց մայրիկի՝ պրոցեսը կազմակերպելուց: Որքան անմիջական ու հանգիստ մոտենաք հարցին, այնքան ավելի սահուն կընթանա ներմուծումը և արդյունքում կունենաք լավ ախորժակով, ինքնուրույն ու ինքնակամ ուտող բալիկ (անկախ սննդի քանակից):

  2. Մայրիկի գերխնդիրը պետք է լինի երեխայի մոտ սեր ձևավորել պրոցեսի նկատմամբ, այլ ոչ թե խաբելով ու շեղելով կամ ավելի վատ տարբերակը` ստիպելով երեխային կերակրել: Վստահեցնում եմ, դա ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնի. երեխայի մոտ կձևավորվի զզվանք պրոցեսի նկատմամբ և այդ զզվանքի զգացումն այնքան ամուր կարող է նստած լինել երեխայի հոգեկանում, որ պրոցեսը կդառնա նրա համար ուղղակի տանջանք, իսկ հետագայում՝ ավելի հասուն տարիքում կարող է առաջացնել անձի մոտ սննդային խանգարումներ:

  3. Կյանքի առաջին տարիներին մայրը համարվում է երեխայի համար առաջնային սուբյեկտ. երեխան վերցնում է մոր վարքային դրսևորումներն ու հետագայում ներքնայնացնելով դարձնում իրենը: Հավելյալի հարցում ևս նույն սկզբունքն է գործում. եթե մայրը չունի ճաշելու մշակույթ, բալիկը ևս չի ունենա, եթե մայրը առողջ չի սնվում, բալիկը ևս չի սնվի առողջ, եթե մայրը քչակեր է ու շուտ հագեցող, դժվար թե բալիկը շատակեր լինի: