Երեխային տալ բլենդած սնունդ թե՞ տրորած
Հաճախակի տրվող հարցերԴասական հավելյալի դեպքում 6+ ամսականում մայրիկները երկընտրանքի առաջ են. ի՞նչ տեսքով երեխային տալ հավելյալը՝ բլենդա՞ծ, թե՞ տրորած։
ԱՀԿ-ն իր ուղեցույցում այս մասին նշում է, որ երբ երեխայի նյարդամկանային համակարգը զարգանում է, առաջարկվող հավելյալ սննդի տեսակներն ու կոնսիստենցիան, որ երեխան կարող է ուտել, շատանում են։ Հավելյալ սննդի ներմուծման սկզբնական ժամանակահատվածում երեխան սկսում է յուրացնել վերև-ներքև ծնոտային շարժումները, որոնք թույլ են տալիս երեխային ծամելու նման գործողություն անել։ Այս գործողությունը թույլ է տալիս նրանց ուտել կիսակոշտ սնունդ՝ անկախ նրանից ատամներ դուրս եկել են արդեն, թե՝ ոչ։ ԱՀԿ-ն շատ կարևոր է համարում, որ ծնողներն անցում անեն կոշտ սննդին, և զգուշացնում է, որ կոշտ սննդին անցնելը 9 ամսականից ավել հետաձգելու դեպքում ծնողները կարող են բախվել կերակրման դժվարությունների հետ, ինչպես նաև երեխան կարող է ստանալ ավելի քիչ քանակությամբ սննդարար մթերքներ (բանջարեղեն և միրգ)։
Բլենդած և տրորած սննդի տարբերությունների, առավելությունների ու թերությունների մասին։
Բլենդած սնունդ
Առավելություններ՝
Բլենդած սննդի միակ առավելությունն այն է, որ մայրիկի սիրտը հանգիստ է. ուտելիքը միազանգված է, երեխայի համար հեշտ կլինի կուլ տալ, երեխան չի ործկում, մայրիկի աչքին կոպիտ ասած «վտանգներ» չեն երևում։
Թերությունների մասին՝
-Լրիվ հարած միազանգված սնունդը երեխայի մոտ ոչ մի ռեֆլեքս չի զարգացնում, երեխան միայն կուլ է տալիս։ Գդալով սնունդը դնում են բերանը, երեխան գուցե մի անգամ պտտացնի ու միանգամից կուլ տա կամ կուլ տա առանց նույնիսկ բերանում պտտացնելու։
-Բանջարեղենն ու միրգն իրենց մեջ պարունակում են որոշակի քանակի շաքար։ Այն բնական է ու վնաս չէ մրգի/բանջարեղենի կառուցվածքում, բայց այն ազատվում է մրգի/բանջարեղենի կառուցվածքից, երբ այն հարում եք ու դարձնում միազանգված կամ երբ դրանից հյութ եք քամում։ Շաքարը, ազատվելով մթերքի կառուցվածքից, դառնում է «ազատ շաքար», որը վնասակար է։
-Հարելու պրոցեսը վնասում է միրգ/բանջարեղենի բջջանյութը, որը բանջարեղենի/մրգի ամենամեծ առավելություններից է։
Տրորած սնունդ
Թերություններ՝
Միակ թերությունը՝ դա մայրիկի խուճապն է։ Երեխան ործկալու է տրորած սնունդ ուտելիս. մայրիկի համար դա նորություն է, վախենալու է, թվում է, թե խեղդվում է։ Բայց իրականում դա նորմալ է. ործկալը դրական երևույթ է։ Այս փուլը պետք է հաղթահարեն բոլոր բալիկները. այն անհրաժեշտ փուլ է ծամել սովորելու համար։
Առավելություններ՝
-Երեխային ծամել սովորելու համար պետք է հաղթահարել մի քանի քայլ. ործկալ, պտտացնել բերանում, դուրս թքել, կծել, ծամել, հետո նոր՝ կուլ տալ։ Միազանգված սննդի դեպքում երեխան այս ամենից սովորում է միայն կուլ տալը։ Իսկ տրորած սննդի դեպքում երեխան սովորում է ործկալ, բերանում պտտացնել, դուրս թքել, ծամելու նման շարժումներ անել։ Դա ծամել սովորելու առաջին քայլերն են, որոնք մեծ առավելություն են։
Երեխաները ծնվում են ործկալու ռեֆլեքսով, որը տեղակայված է լինում բերանի առաջնային մասում։ Այնուհետև՝ ամիսների ընթացքում (մոտավորապես 8+ ամսականներում), ռեֆլեքսը կամաց-կամաց տեղափոխվում է հետ՝ դեպի բերանի ետնամաս, որտեղ և ընդմիշտ պահպանվում է։ Այն ստեղծված է շնչուղին պաշտպանելու համար։ Ործկալու ռեֆլեքսի շնորհիվ երեխան սովորում է հավելյալ սնունդ ուտել։ Այսինքն՝ լրիվ հեղուկ սննդից անցնում է կոշտ սննդի։ Ոչ մի երեխա ի սկզբանե չգիտի՝ ինչպես ուտել հավլյալ սնունդ։ Ժամանակի ընթացքում բալիկը սովորում է ծամել կոշտ սնունդ և գնահատել դրա չափերը։ Երեխայի ործկալու ռեֆլեքսն ավոտմատ կերպով դուրս է հրում այն, ինչը մոտենում է շնչուղուն (լինի դա ուղղակի կոշտ որևէ օբյեկտ, օրինակ՝ գդալ, թե սնունդ): Քանի որ սկզբնական շրջանում ործկալու ռեֆլեքսը բերանի ամենաառաջնային մասում է տեղակայված, Դուք նույնիսկ կարող եք նկատել, թե ինչպես է բալիկը ործկում անգամ թաթիկները կամ ատամներ քորելու որևէ խաղալիք ուտելիս։ Երեխայի բերանում առկա են ռեցեպտորներ, որոնք «գնահատում են» բերան մտնող սննդի չափերը և մեծ լինելու դեպքում առաջացնում են «հետադարձ շարժում», ինչի շնորհիվ երեխան ործկում է։ Այդ ռեֆլեքսը ստեղծված է խեղդվելուց պաշտպանելու համար։
-Տրորած սնունդ ուտելիս երեխաները որոշ չափով այն ծամում են, ինչն էլ շատ օգտակար է մարսողական համակարգին։ Ծամված սնունդը շատ ավելի լավ է մարսվում ու յուրացվում օրգանիզմի կողմից, քան միազանգված ու միայն կուլ տված սնունդը։ Որոշ մայրիկներ անհանգստանում են, երբ տրորած սնունդը նույն տեսքով հայտնաբերում են երեխայի տակդիրի մեջ՝ որոշելով, որ այն լավ չի մարսվել, սակայն, միազանգված հարած սնունդը նույնպես նույն տեսքով է հայտնվում տակդիրի մեջ, ուղղակի քանի որ միազանգված է, մայրիկն այն չի կարող տարբերել։
-Տրորած սնունդը դրական է ազդում երեխայի խոսքի զարգացման վրա։ Այս մասին ավելի մանրամասն մասնագետի հետ հարցազրույցում։
Լոգոպեդ Մարիամ Պետրոսյան՝
«Երեխան ի ծնե ունի որոնման, ծծման, կլլման բնական ռեֆլեքսները։ Երեխան ծնվում է ու միանգամից կուրծքը բռնում և ուտում. դա իրեն ոչ ոք չի սովորեցնում, դրա համար դրանք կոչվում են բնական ռեֆլեքսներ։ Վեց ամսականից սկսած լոգոպեդական տեսանկյունից երեխային ցանկալի է տալ տրորած սնունդ, քանի որ միասեռ զանգված դարձրած սնունդը երեխան միայն կուլ է տալիս, այսինքն՝ միայն կլլման ակտին մասնակցող մկաններն են աշխատում։
Խոսքի և հաղորդակցման զարգացումը երեխայի մոտ սկսվում է ծնված պահից.
2-3 ամսականից սկսվում է առաջին՝ գղգղանքի փուլը,
4 ամսականից հաջորդում է թոթովանքային փուլը (որը կարող է ավելի երկար տևել), երբ երեխան սկսում է կրկնել նույն վանկը (օրինակ՝ մամամամա, ընգաաաա, բղաաա և այլն)։ Երեխան կարող է ծնողին տեսնելիս նման ձայնային ելևէջներ արձակել՝ ի նշան ուրախության, իր վրա ուշադրություն հրավիրելու համար, բայց դա դեռ ծնողին ուղղված խոսք չէ, դրանք դեռ բառեր չեն, այլ բառերի նախատիպերը։
7֊8 ամսականից սկսած երեխայի թոթովանքային վանկերը կարող են դառնալ նպատակաուղղված՝ կոնկրետ բառեր։ Այսինքն՝ մամա, պապա, տատա, գագա և այլն, երեխան անվանում է կոնկրետ անձի կամ առարկայի։ Այսինքն՝ 7-8 ամսականում նոր կարելի է ասել, որ «մամա» արտաբերվածն ուղղված խոսք է, որն ասոցացվում է կոնկրետ անձի հետ։
Սննդակարգի հետ խոսքի զարգացման կապը։
Այս տարիքում անհրաժեշտ է զարգացնել երեխայի արտաբերական ապարատի մկանները։ Այո, սկզբնական ամիսներին կարելի է տալ միազանգված՝ հարած սնունդ, բայց դա չպետք է գերազանցի 1-2 ամիսը։ Դա կարևոր է նրա համար, որպեսզի զարգանան երեխայի ծամող մկանները, որոնք նույնն են, ինչ խոսքի արտաբերական մկանները։ Դրանք լեզվի, շրթունքների, այտերի, փափուկ քիմքի մկաններն են։
Երբ երեխային առաջարկվում է ոչ միազանգված սնունդ, այսինքն՝ տրորած, երեխան լնդերով փորձում է ծամել։ Եվ այդ ծամելու փորձերը հենց զարգացնում են մեզ անհրաժեշտ խոսքի արտաբերական մկանները։
Ինչպես արդեն նշվեց, 7-8 ամսականում երեխան սկսում է առաջին բառերի փորձերը. նույնավանկ բառն ասոցացնում է որևէ անձի կամ առարկայի հետ։ Երբ երեխային երկարատև են տալիս միազանգված՝ հարած սնունդ (9-10+, 11-12+ ամսական), երեխայի արտաբերական մկանները, հիմնականում՝ լեզուն, լավ չի կարողանում այս ու այն կողմ թեքվել, վերև-ներքև շարժվել, ինչը խանգարում է հնչյունների և բառերի արտասանության ձևավորմանը։
Մեկ տարեկանից բացառվում է նույնիսկ մանրացված ու տրորած սնունդը։
Երեխայի առաջին բառերը կարող են ի հայտ գալ սկսած 8 ամսականից մինչև 1.2-1.4 տարեկան։ Առաջին բառ/ձայնարկություն է համարվում նույնիսկ որևէ վանկը, հնչյունախումբը, որով երեխան որևէ առարկա կամ անձ է մատնանշում (օրինակ՝ եթե «գա» նշանակում է ջուր)։ Խոսելու փորձեր կատարելու սկզբնական փուլում մեկ վանկը կարող է նշանակել մի քանի բառ, այսինքն՝ մի վանկը կարող է նշանակել մի ամբողջ հավաքական հասկացողություն (օրինակ՝ հաֆ կարող է ասել կենդանիներին, շունիկ կերակրելուն, շան հաչոցին և այլն)։
Եթե մանրացրած սնունդ տալը տևում է շատ երկար, երեխայի մոտ մեկուկես տարեկանից կարող է առաջանալ նաև հոգեբանական բացասական կողմ. երեխան սկսում է պարզապես հրաժարվել ուտել «դժվար» թվացող կոշտ սննդից, այսինքն՝ չի ցանկանում իր համար «հեշտ» միազանգված սննդից բացի այլ բան փորձել։ Ծնողը ստիպված կրկին սնունդը հարում, միազանգված է դարձնում, որ երեխան գոնե այդպես որևէ բան ուտի։ Երբ երեխան գիտակցում է, որ ինքը կարող է հրաժարվել, ու իրեն միևնույն է կտան իր նախընտրելի՝ մանրացված սնունդը, նա պարզապես հրաժարվում է՝ վստահ լինելով, որ ծնողը կնախընտրի կրկին մանրացնել սնունդը, քան որ երեխան ոչինչ չուտի։ Շատ կարևոր է սնունդը երկար ժամանակ մանրացված չտալը, որ երեխան չհասնի այն տարիքին, երբ կգիտակցի ու ընտրություն կկատարի, կամ կոպիտ ասած «կթելադրի»՝ ինչպես է նախընտրում սնունդը»։
**Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները՝ «հավելյալ սննդի ներմուծում» խմբի ադմին թիմը խորհուրդ է տալիս հավելյալ սննդի ներմուծումը սկսել տրորած սննդով, իսկ բլենդած սկսելու դեպքում հնարավորինս շուտ անցնել տրորածի։
Հատուկ շնորհակալություն լոգոպեդ Մարիամ Պետրոսյանին մասնագիտական օգնության ու խորհուրդների համար։
Պատրաստեց՝ Իննա Խաչիկյանը