Պատրաստի շիլաներ

Ի՞նչ տեսակի պատրաստի շիլա տալ բալիկին, ինչպե՞ս ընտրել և ի՞նչ հաճախականությամբ տալ

Հաճախակի տրվող հարցեր
Պատրաստի շիլաներ

Խմբում հնչող ամենահաճախակի հարցերից մեկն այն է՝ արդյոք արժե երեխային տալ պատրաստի շիլա/խյուս։

Պատրաստի շիլաներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները։

Պատրաստի շիլայի առավելություններից են՝

-Հարմար է տնից դուրս գալիս, երբ ձեռքի տակ ոչինչ չկա, երեխան էլ սոված է, արագ տարբերակ է երեխային կերակրելու;

-Որոշ շիլաներ (դա պետք է նայել բաղադրության մեջ) հարստացված են երկաթով, ինչը շատ օգտակար է երեխաների համար;

-Ժամանակ է խնայում մամայի համար։

Թերություններից են՝

-Չեք կարող վստահ լինել ինչ կա իրականում դրա բաղադրության մեջ;

-Չեք կարող վստահ լինել, որ պատրաստված են բոլոր ստանդարտներին համապատասխան( օրինակ մաքրությունը): Օրինակ՝ ԱՄՆ-ում ստուգումների ժամանակ որոշ ֆիրմաների բրնձի շիլաների մեջ թույլատրելի քանակից ավել (այսինքն՝ վնասակար քանակի) մկնդեղ է հայտնաբերվել: Նաև նշենք շաքարի ու համային ուժեղացուցիչների մասին. չնայած որոշ արտադրությունների վրա նշվում է, որ դրանք բացակայում են շիլաներում, բայց շատերը վստահ են, որ դրանք պարունակում են շաքար ու համային ուժեղացուցիչներ և այդ իսկ պատճառով է, որ երեխան հրաժարվում է ուտել մայրիկի պատրաստածը:

-Երբեմն պատրաստի խյուսերն ավելի հաճելի համ են ունենում, քան տանը պատրաստած օրինակ՝ նույն գազարի խյուսը, եւ երեխան սկսում է հրաժարվել տան պատրաստածից։ Իսկ շաքարավազով (կամ այլ քաղցրացնող բաղադրիչով) շիլաներից հետո՝ առավել եւս։

Պատրաստի շիլաները կարող եք ներառել երեխայի առողջ սննդակարգ, սակայն դրանով լիովին ապահովել հավելյալ սնունդը պետք չէ։ Այն կարող է կազմել հավելյալ սննդի միայն մի մասը։

Եթե որոշել եք գնել պատրաստի խյուս կամ հացահատիկային շիլա, ահա մի քանի խորհուրդ մեր թիմի կողմից՝

  • Ուշադիր կարդացեք բաղադրությունը։ Բանջարեղենային/մրգային խյուսերի դեպքում բաղադրության մեջ բացի տվյալ մթերքից ու ջրից չպիտի լինի այլ բաղադրիչ/հավելում։ Այսինքն՝ բաղադրությունը պետք է լինի մթերքը եւ ջուր միայն։ Դրանց անվնաս պահպանումը արտադրող ընկերությունն ապահովում է հատուկ պաստերիզացման շնորհիվ, այլ ոչ հավելումների։

  • Շիլաները չպետք է լինեն քաղցրացված։ Դրանց բաղադրության մեջ ուշադիր նայեք քաղցրացնող ցանկացած բաղադրիչի առկայությունը։ Դա կարող է լինել շաքարավազ/սախարոզա/ֆրուկտոզա/գլյուկոզա/եգիպտացորենի օշարակ/թխկու օշարակ/ստեվիա/ագավե եւ այլն։ Դրանց մեջ չպետք է լինի նաեւ աղ եւ/կամ այլ համային հավելումներ։

  • Հացահատիկային շիլաները չպետք է լինեն կաթով պատրաստվող, քանի որ մինչ մեկ տարեկանը կաթ երեխաներին չի կարելի։

    NHS-ն ասում է, որ կաթը չի կարելի տալ որպես ըմպելիք, բայց թույլատրելի է որպես որեւէ ճաշի բաղադրիչ։ Պատրաստի հացահատիկային շիլաների մեջ նույն կաթն է, ուղղակի փոշու տեսքով։ Այսինքն՝ եթե Դուք տաք պատրաստի կաթնային շիլա, երեխան կստանա կաթ։ Այս պատճառով գերադասելի է ընտրել ոչ կաթնային շիլան։ Եթե, սակայն, Դուք որոշել եք կաթնային շիլա տալ, հաշվի առեք, որ այն ամեն օր մեծ քանակությամբ չի կարելի։ Շաբաթական մեկ կամ երկու անգամը փոքր քանակով վնաս չէ, սակայն ոչ ամենօրյա օգտագործումը։

  • Բաղադրության մեջ չպետք է լինեն գունանյութեր, համն ու հոտն ուժեղացնող էլեմենտներ։

  • Հացահատիկային շիլաները ցանկալի է լինեն երկաթով հարստացված (դա է պատրաստի շիլայի առավելությունը)։

  • Բնականաբար երկուսի դեպքում էլ ուշադիր կարդացեք պահպանման ժամկետները, ինչպես նաեւ պահպանման ժամկետը տուփը բացելուց հետո։

***Շատ շիլաների վրա գրված է «կարելի է 4 ամսականից»։ Սակայն ըստ ԱՀԿ-ի հավելյալ սնունդը 6+ է անկախ նրանից արդյոք երեխան կրծքով է կերակրվում թե կաթնախառնուրդով, ունի քաշի խնդիր թե ոչ։

Մեր խումբը խորհուրդ է տալիս հավելյալ սնունդն ապահովել թարմ, առողջ մթերքները տանը պատրաստելով, սակայն ճիշտ բաղադրությամբ ու երկաթով հարստացված հացահատիկային շիլաները կարող են լինել լավ ալտերնատիվ զբաղված օրերի կամ տանից դուրս գալու ժամանակ։

Բարի ախորժակ Ձեր բալիկներին։