Սննդային ճիշտ սովորություններ մանկուց։

Բոլորս ուզում ենք, որ մեր երեխաները սնվեն առողջ, սիրեն բանջարեղենը, միսը, միրգը, հացահատիկները, հեռու լինեն տարբեր քիմիական կիսապատրաստի սննդից, շաքարից, աղի ու տապակած սննդից։

Բայց ի՞նչ ենք անում մենք դրան նպաստելու համար։

Մայրիկների մեծամասնությունը 6+ ամսականում՝ հավելյալ սնուցումը ներմուծելիս ընտրում է լավագույն բանջարեղենը սկսելու համար (որ երեխան սովորի բանջարեղենին), սեզոնին բանջարեղենը սառեցնում է, որ սեզոնային առողջ մթերք լինի, հավելյալը սկսելիս առանձին նստացնում կերակրում է, որ ընտանիքի կերած տապակած սնունդը չուտի, որ մյուսի ձեռքի շոկոլադը չուզի և այլն։

Իսկ իրականում դա աշխատող մեթոդ չէ։
Այդպես երեխան առողջ կսնվի մինչև որոշակի տարիք։ Կախված երեխայից դա կտևի մինչև 1.5-ից ամենաշատը 3 տարեկան։ Քանի որ գալիս է մի տարիք, երբ երեխան արդեն գիտակցում է, որ իր ընտանիքում այլ կերպ են ճաշում, այլ բան են ուտում, այլ ժամերի ու այն, ինչն իրենից սովորաբար թաքցնում են։

Երեխայի համար մայրիկն ու հայրիկը ամենավառ օրինակներն են կյանքի ընթացքում, հետագայում ավելանում են նաև այլ մարդիկ, ում կարծիքը/մոտեցումը ևս կարևոր է (օրինակ՝ տատիկ, պապիկ, հորեղբայր և այլն):
Երեխան առաջին ունակություննները ձեռք է բերում իրենցից օրինակ վերցնելով։ Եթե Դուք վազելով եք փողոցն անցնում անթույլատրելի մասով, վաղ թե ուշ Ձեր երեխան էլ է այդպես անելու անկախ նրանից, թե բանավոր կերպով քանի անգամ եք զգուշացնում այդպես չանել։ Եթե Դուք ճաշի փոխարեն թխվածք եք ուտում, երեխան էլ է այդպես անելու, ինչքան էլ Դուք իրեն ասեք, որ այդպես անելը ճիշտ չէ։ Երեխայի ամենավառ օրինակը Դուք եք՝ ընտանիքը։ Ոչ մի բացատրություն, որ շոկոլադը ատամներին վնաս է, չի օգնի, քանի դեռ Դուք շարունակում եք շոկոլադ ուտել, երեխան դա տեսնում է, դա է ուզում։

Երեխային կյանքի համար պետք են առողջ սննդային սովորություններ առողջ սնվելու համար։ Այսինքն ոչ թե «ձգեմ առողջ սնունդը մինչև 2 տարեկան», այլ ձևավորել առողջ սննդով առօրյա ողջ կյանքի համար։ Դրա համար Ձեզ առաջնային անհրաժեշտ է, որ ինքներդ սնվեք առողջ։ Շատերը գրում են շաքարավազը 1+, սպիտակ հացը 1+, աղը 1+: Ոչ սրանք 1+ չեն։ Շաքարավազը Ձեզ էլ ցանկալի չէ, այն Ձեզ էլ է վնաս։ Երեխային էլ չի կարելի, նրա չարաշահման սահմանը շատ ավելի փոքր է ու շատ ավելի հեշտ է անցնել։ Մեկ տարեկանից հետո էլ է տապակածն ու շաքարը չարաշահելը խիստ վնաս, միայն մինչև 1-2 տարեկան ձգելը չի օգնի։ Որպեսզի երեխան սովորի առողջ սնվելուն, ընդունի դա, ինքն իրենով արդեն իսկ սովոր լինի ամեն օր առողջ սնունդ ուտելուն, պարտադիր պայման է ընտանիքի առողջ սնվելը։ Երեխային առանձին առողջ կերակրել երկար չեք կարողանա։

Ձևավորեք առողջ սննդային սովորություններ փոքրուց։
Օրական 5 չափաբաժին բանջարեղեն/միրգ օգտագործեք։ Առողջ սպիտակուցներ (խաշած կամ ջեռոց դրված միս/ձուկ/լոբազգիներ), երկար ածխաջրեր (առողջ հացահատիկներ): Խմեք սովորական ջուր հյութերի, կոմպոտների ու թեյերի փոխարեն։ Առողջ ճարպեր օգտագործեք (ընդեղեն, ավոկադո, ձիթապտղի/արևածաղկի ձեթ և այլն):

Այդ ամենը պետք է ոչ թե զոռով անեք, այլ դարձնեք առօրյա Ձեր և Ձեր փոքրիկի համար։

Իհարկե, կլինեն օրեր, երբ երեխայի ձեռքը կոնֆետ կընկնի, թխվածքաբլիթ կտեսնի, կուզի կամ բուլկի։ Դա պետք չէ խստիվ արգելել։ Եթե երեխայի առօրյայում նման բաներ չկան, ամիսը 1-2 անգամ նման սնունդ ուտելը մեծ վնաս չէ։ Կարևորը՝ երեխայի առօրյա սնունդը լինի առողջ։ Առողջ սնվող մարդը/երեխան կարող է իրեն թույլ տալ երբեմն-երբեմն ոչ առողջ մթերքներ ուտել։ Առողջ սնվելը չի նշանակում ողջ կյանքում այլևս երբեք շոկոլադ չուտել։ Դա նշանակում է առօրյայում նման սնունդ չունենալ ու, ինչը ևս շատ կարևոր է, հազվադեպ օգտագործելիս էլ չափաբաժինը չչարաշահել։

Մեր առօրյան լինում է շատ զբաղված/խառը, երբեմն ժամանակ չենք ունենում շատ բաներ պատրաստելու։ Բայց առողջ սնվելը շատ ժամանակ չի պահանջում, այլ միայն ցանկություն։

Ադմին թիմի խորհուրդը բոլոր մայրիկներին. եթե ուզում եք Ձեր երեխան սնվի առողջ, ամենաառաջին բանը, որ կարող եք դրա համար անել, դա՝ ինքներդ սնվեք առողջ։

Պատրաստեց՝ Իննա Խաչիկյանը