Երեխան մեծանում է և հետաքրքրվում է իրեն առաջարկվող սննդով: Սակայն նրա մարսողական համակարգը դեռևս լիովին հասուն չէ. նրան ժամանակ է պետք նոր կերակուրներին սովորելու համար: Ուստի կարևոր է ամեն անգամ մեկ տեսակի մթերք ներկայացնել, որ ծանոթանա դրա կառուցվածքին և համին։
Կաթ
Այս տարիքում կաթը շարունակում է մնալ հիմնական սնունդ. Ձեր երեխան պետք է շարունակի օրական խմել ամենաքիչը 500մլ կաթ։ Ձեր ընտրությունն է շարունակել կրծքով կերակրել թե կաթնախառնուրդ տալ շշով։
Բացի սնունդ լինելուց, կաթը նաև հեղուկի լավ աղբյուր է առաջին ամիսներին։ Այնպես որ կարիք չկա հավելյալ ջուր խմացնել երեխային, բացառությամբ՝ շոգ եղանակի։ Մի սպասեք, որ ինքը ցույց տա, որ ծարավ է։
Մրգային հյութերը խորհուրդ չեն տրվում փոքր երեխաներին։ Կրծքի կաթը/կաթնախառնուրդը ապահովում են բավարար քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, և կարիք չկա դրանց լրացնել մրգային հյութի օգնությամբ։
Լինելով լավ ադապտացված երեխայի կարիքներին համապատասխան՝ կկ/կխ-ն են խորհուրդ տրվում, սակայն եթե երեխան ոչ կրծքով է կերակրվում, ոչ էլ կաթնախառնուրդով, ապա սովորական յուղայնությամբ կաթնամթերքը նախընտրելի է իջեցված յուղայնությամբ կաթնամթերքից։
Բանջարեղեն
Կարող եք սկսել ծանոթացնել բանջարեղենին 6 ամսականից սկսած (կաթի շշի մեջ կամ կրծքով կերակրելուն զուգահեռ)։
Ինչպես ընտրել դրանք:
Ընտրեք տեսակներ, որոնք երեխայի ստամոքսը հեշտությամբ կմարսի՝ կանաչ լոբի, սպանախ, առանց կճեպ եւ սերմեր դդմիկ, պրասի սպիտակ հատվածը (կանաչ սոխի հաստ տեսակ), գազար եւ այլն։ Խուսափեք մանրաթելերով հարուստ բանջարեղենից, ինչպիսիք են սալսիֆ (հայերեն թարգմանություն չունի), արտիշոկը կամ պրասի կանաչ հատվածը։
Ինչպես պատրաստել դրանք:
Բանջարեղենը պետք է միշտ եփված լինի։ Եթե երեխան կերակրվում է կաթնախառնուրդով, ապա նախ շշի ջուրը փոխարինեք բանջարեղենի եփված ջրով առանց աղ ավելացնելու (210 գրամ արգանակ + 7 չափաբաժին կաթնախառնուրդ)։ Աստիճանաբար կարող եք ավելացնել բլենդած բանջարեղեն, որ թանձր ապուր ստացվի, որը կպարունակի 5 չափաբաժին կաթնախառնուրդ։
Եթե Դուք կերակրում եք կրծքով, եփեք բանջարեղենը ջրով կամ գոլորշու վրա, բլենդեք, որ թանձր ապուր ստացվի եւ առաջարկեք երեխային գդալով։Կարող եք կարտոֆիլ ավելացնել, որ ապուրն ավելի խիտ դառնա, ինչպես նաև ավելացնել ճարպեր (ձեթ/կարագ)։
Որ ժամին առաջարկել:
Կեսօրին, ի հավելում կաթին` շշով կամ թեյի գդալով:
Եթե երեխան շշով է կերակրվում, չմոռանաք տալ նրան ծծակ նախատեսված վեց ամսականից բարձր տարիքով երեխաների համար` ծծակի լայն անցքով։ 6 ամսականից կարող եք մեկ շիշ ապուր տալ 5 չափաբաժին կաթնախառնուրդով։
Մրգեր
Առաջարկեք բանջարեղենը ներմուծելուց 15 օր անց։ Այս տարիքում մրգերը միշտ պետք է եփվեն։
Ինչպես ընտրել դրանք:
Որոշ մրգեր ավելի նախընտրելի են. տանձ, խնձոր, դեղձ, բանան կամ ծիրան:
Ինչպես պատրաստել դրանք:
Մրգերը պատրաստեք խյուսի տեսքով, օգտագործելով թարմ/հասած պտուղները. եփեք, ապա բլենդեք առանց շաքար ավելացնելու։ Կարող եք որպես հիմք խնձորն օգտագործել. երեխաներին հիմնականում դուր է գալիս դրա փափուկ կառուցվածքն ու բնական քաղցրությունը։
Կարող եք երեխային առաջարկել խանութի տարրաներով մրգային շիլաները։
Աստիճանաբար կարող եք առաջարկել ավելի քիչ համասեռ ու միատարր տեսքով, օրինակ՝ առաջարկելով տրորած միրգ, ինչպես միշտ առանց շաքար ավելացնելու։ Փորձեք օրական միայն մեկ տեսակի միրգ ներմուծել երեխայի սննդակարգ՝ ժամանակ տալով նրան դրա համին սովորելու։
Երբ առաջարկել:
Կեսօրի ճաշին, կամ ի հավելում ցերեկային շշով կամ կրծքով կերակրման (ժամը 16:00-ի հատվածում):
Միս/ձուկ/ձու
Կարող եք սկսել ներմուծել միս և ձուկ 6 ամսականից, ձուն ներմուծելու համար սպասեք մինչև 7 ամսական։ Այս մթերքները ապահովում են սպիտակուցներով, որոնք շատ կարևոր են երեխայի ճիշտ զարգացման համար։ Սակայն ուշադիր եղեք, երեխայի պահանջը նույնքան չէ, որքան մեծահասակներինը։
Ինչպես ընտրել
Վերցրեք մսի տարբեր տեսակներ՝ խուսափելով օրգաններից (լյարդ, սիրտ, թոք) և սառը տեսակներից (բացառությամբ եփված ապխտած մսի): Ձուկ. վերցրեք բազմազան տեսակներ (թարմ կամ սառեցված), բայց խուսափեք կիսաֆաբրիկատ ձկներից։ Ձուն պետք է տալ երեխային լավ եփված։
Ինչ չափաքանակով
6-7 ամսականում միսը կամ ձուկը (մոտ մեկ թեյի գդալ) բլենդեք տանը պատրաստած մի փոքր բանջարեղենային շիլայի հետ: 7-8 ամսականներում կարող եք ամեն օր առաջարկել մոտ 10գ (երկու թեյի գդալ) բլենդած միս կամ ձուկ և եփված ձվի 1/4 մասը։
Եթե տանը պատրաստելու ժամանակ չունեք, կարող եք տարրաներով մոտ 200գ միս կամ ձուկ պարունակող բանջարեղենային շիլա տալ։
Օսլայով մթերքներ
Փոքր չափաբաժիններով կարտոֆիլը Ձեր ուտեստին կարող է տալ ավելի թանձր կառուցվածք։ Մանկական հացահատիկային ալրացված շիլաները կարող են լավ լուծում լինել, եթե Ձեր բալիկը քիչ ուտող է։
Ինչպես պատրաստել
Խաշեք/շոգեխաշեք կարտոֆիլը, տրորեք և խառնեք այլ բանջարեղենի հետ (գազար, դդում, սպանախ, սերմերով ցուկինի, կանաչ լոբի…)։ Մանկական հացահատիկային ալրացված շիլան կարող եք ավելացնել շշի մեջ (2 թեյի գդալ առանց գլյուտեն 1-ին տարիքի ալյուր) կամ օգտագործեք դրանք բանջարեղենային ապուրների մեջ։
Երբ առաջարկել
Ավելացրեք կարտոֆիլ կամ ալյուր կեսօրին։ Կարող եք նաև մի փոքր մանկական ալյուր ավելացնել երեկոյան շշով կերակրելիս։
Հավելյալ ճարպեր
Դրանք կարող եք ավելացնել բանջարեղենին, /շիլաներին կամ ապուրներին։
Ինչպես ընտրել
Կարող եք վերցնել կարագ, սևուկի ձեթ (rapeseed oil), զեյթունի ձեթ, արևածաղկի և այլն։ Խուսափեք տապակելու համար նախատեսված յուղերից։
Չափաքանակ
Կարող եք ավելացնել մի փոքրիկ կտոր կարագ կամ 1 թեյի գդալ ձեթ։
հավելյալի ներմուծման 2-րդ փուլը
Ձեր երեխայի սննդակարգը գնալով հարստանում է, բայց կաթը մնում է հիմնական սնունդ։ Հիմա նա ի վիճակի է բռնել իր գդալը և փորձում է սնվել ինքնուրույն։
Կաթը և կաթնամթերքը
Ձեր երեխան դեռ կաթի կարիք ունի. բաժանեք կերակրումներն այնպես, որ օրական մոտ 500մլ կաթ խմի։ Կարող եք նաև խանութներում հատուկ մանկական կաթնամթերք գտնել (յոգուրտներ, մածունի տեսակներ)։ Այս արտադրանքներն ընդգրկվում են օրական կաթի չափաբաժնի մեջ և նույնպես հարստացված են երկաթով, վիտամիններով և կարևոր ճարպաթթուներով։ Եթե երեխան դրանցով չի կերակրվում, ապա բարձր յուղայնությամբ կաթնամթերքը նախընտրելի է իջեցված յուղայնությամբ կաթնամթերքից։
Այս տարիքում կարող եք նաև պանիր տալ երեխային։ Թույլ տվեք, որ նա մատիկներով բռնի և ուսումնասիրի դրա կառուցվածքը մինչ բերանը դնելը։
Մրգեր, բանջարեղեններ, միս, օսլայով մթերքներ
Ամեն օր կարող եք տալ Ձեր երեխային
- մրգեր և բանջարեղեն. Եփած և հարված մինչև միասեռ զանգված, շիլաների տեսքով, մանրացված կամ փոքր կտորներով
-հացահատիկներից. կարտոֆիլ, հացահատիկային շիլաներ նախատեսված 9-12 ամսական երեխաների համար, փոքր չափի մակարոնեղեն, վերմիշել, տապիոկա։ Այս տարիքում առաջին ատամներն են դուրս գալիս, և Ձեր երեխան կարող է արդեն սկսել փոքր կտորներով ուտել։
-Միս/ձուկ/ձու. օրական 20գ (կամ 4 թեյի գդալ) բլենդած միս կամ ձուկ տվեք կամ խաշած ձվի կեսը։
Սահմանափակեք քաղցր մթերքները, ինչպիսիք են մեղրն ու շոկոլադը և հնարավորինս խուսափեք գազավորված ըմպելիքից և տապակած սննդից։
Հավելյալ սնուցման 3-րդ փուլ
Ձեր երեխայի սննդակարգն արդեն բազմազան է, բայց իր պահանջները դեռ մեծահասակի պահանջների նման չեն։ Հենց այս տարիքում են երեխաները սկսում արտահայտել իրենց ցանկությունն ու հրաժարումը, այնպես որ հենց այդ տարիքում է խորհուրդ տրվում մտցնել սննդային ճիշտ սովորություններ։
Կաթ, միշտ կաթ
Մինչ 3 տարեկանը կաթը մնալու է Ձեր երեխայի օրական սննդակարգում, 500մլ չափաբաժնով։ 2-րդ տարիքի կաթը փոխարինեք արդեն մեծ տարիքայինով։ Լինելով լավ ադապտացված երեխայի պահանջներին’ խորհուրդ է տրվում այս կաթն օգտագործել, այլապես, եթե երեխան կաթնախառնուրդով չի կերակրվում, սովորական յուղայնությամբ կաթնամթերքը նախընտրելի է իջեցված յուղայնությամբ կաթնամթերքից։
Դուք կարող եք նաև ժամանակ առ ժամանակ փոխարինել կաթի որոշ քանակը հատուկ մանկական կաթնամթերքով, որը հարստացված է երկաթով, վիտամիններով, ճարպաթթուներով (յոգուրտներ, պանրի տեսակներ):
Կարող եք նաև երեխային պանրի փոքր կտորներ տալ։
Այլ հեղուկներ
Երբ երեխայի սննդակարգը բազմազան է դառնում, աճում է ջրի պահանջը։ Երեխան օգտագործում է նոր մթերքներ, որոնք պարունակում են ավելի քիչ ջուր, քան կաթը։ Միակ անհրաժեշտ հեղուկը մաքուր ջուրն է. ծորակի ջրի վերաբերյալ խորհրդակցեք Ձեր քաղաքապետարանի հետ (արդյոք ադապտացված է փոքր երեխայի պահանջներին), շշալցված կամ թեթև հանքային ջուր ։ Եթե երեխան հրաժարվում է խմել, հավանաբար նա ծարավ չէ։
Հյութերն անհրաժեշտ չեն։ Խուսափեք երեխային նույնիսկ թեթև գազավորված հյութ կամ օշարակներ տալուց։ Նա կարող է սովորել դրանց քաղցր համին և հետևաբար հրաժարվել այլևս մաքուր ջուր խմել։
Միրգ, բանջարեղեն, միս, օսլայով մթերքներ
Ահա ուղեցույց Ձեզ կողմնորոշվելու համար, թե ինչ մթերքներ տալ երեխային։
-միրգ և բանջարեղեն։ Բոլոր տեսակներն էլ թույլատրելի են։ Կարող եք առաջարկել թարմ բանջարեղեններ և մրգեր։ Կարող եք սկսել ներմուծել լոբազգիներ (ոսպ, սպիտակ լոբի, ոլոռ…) 15 ամսականից սկսած շիլաների տեսքով սկզբնական շրջանում։
-հացահատիկ։ Ամեն ճաշին
-միս/ձուկ/ձու։ օրական 30գ (կամ 6 թեյի գդալ) բլենդած։
Սահմանափակեք որոշակի մթերքներ
Շաքարավազ, մեղր և շոկոլադ
Աղ։ Փորձեք պատրաստել առանց աղ և մի ավելացեք աղ խանութից գնված մանկական պատրաստի ճաշերի մեջ, դրանք պարունակում են Ձեր երեխայի համար անվտանգ քանակությամբ աղ։ Խուսափեք նաև տապակած մթերքներից (ֆրի կարտոֆիլ)։
2 տարեկանից հետո
Երեխան սովորում է ասել ոչ և դրա հետևանքով նա կարող է հրաժարվել որևէ նոր սնունդ փորձել։ Այս երևույթը կոչվում է սննդային նեոֆոբիա (նորը փորձելու վախ): Ժամանակի ընթացքում երեխայի մոտ ձևավորվել է լավ սննդային տեսականի, որի շնորհիվ երեխան սովորել է ճանաչել իր ափսեի պարունակությունը։ Ինչքան մեծ է տեսականին այնքան թուլանում է նորը փորձելու վախը։ Բայց դա չի նշանակում, որ եթե երեխան հրաժարվել է որևէ նոր բան փորձելուց, Դուք պետք է հանձնվեք։ Հակառակը, շարունակեք այդ մթերքն առաջարկել ամիսը գոնե մեկ անգամ նույն տեսքով։
Նյութը թարգմանեց Իննա Խաչիկյանը
Շնորհակալություն Լիանա Ղազարյանին թարգմանելու և խմբագրելու հարցում օգնելու համար։
Հղումներ՝