Ի՞նչ պետք չէ անել

Հավելյալի հարցերի մեծ մասն այն մասին է, թե ինչ անեմ, որ երեխաս ուտի։

Նախ եկեք հասկանանք, երբ կարելի է իրոք համարել, որ երեխան չուտող է։

Երեխաների օրգանիզմն ու պահանջն ընդհանրապես ավելի իդեալական է, քան մեծերինը։ Մենք մեզ “սովորացնում ենք” ժամով հաց ուտելուն, օրը 3 անգամ նույն ժամին։ Երեխաներն ուտում են առանց ժամ/պատարագ ըստ իրենց պահանջի։ Դրանով իրենց մոտ սովորություն է առաջանում ուտել քիչ-քիչ բայց բավականին հաճախ։ Այսինքն’ իրենք չեն կարող մեծի պես նստել մի մեծ աման ճաշ ուտել ու մի քանի ժամ այլևս բան չուտել։
Երեխան նախ փոքր ստամոքս ունի, ըստ դրա չափի է ուտում։ Արագ մարսում է, կրկին որևէ բան է կրծոտում։ Ամեն սովածանալուց չի կարող նստել սեղանի շուրջ ուտել, վեր կենալ։ Այդ փոքր պորցիաներով ուտելն էլ մայրիկին գցում է շփոթության մեջ և նա մտածում է, որ չի ուտում նորմալ, շատ քիչ է, սոված է մնում։

Երեխայի համար (մանավանդ 1+ տարիքում) շատ դժվար է նստած մնալ տեղում մինչ Դուք ուտացնում եք։ Նույնիսկ ինքնուրույն ուտող երեխան (ԲԼՎ), որը ինքն է կառավարում պրոցեսը, այսինքն բուն զբաղված է ուտելով, միևնույնն է երբեմն ձանձրանում է ու ուզում է վեր կենալ սեղանից։ Բայց գնում, հետո հետ է գալիս ևս մի քանի գդալ ուտում, նորից գնում է։ Այսինքն’ կոնկրետ նստած մնալն է իրենց համար խնդիր։

Ինչ պետք չէ անել.

  1. Երբեք մի կոմպենսացրեք չուտելը համեղ, բայց ոչ օգտակար սնունդով։ Այսինքն’ եթե ճաշը չի կերել, մի ասեք դե լավ հաց կամ պեչենի տամ գոնե մի բան ներս գնա։ Ոչ, դա սխալ է։ Աճող օրգանիզմը դատարկ կալորիաներ չպետք է ընդունի։ Պետք է սնվի առողջ, տարիքին համապատասխան ճարպեր/սպիտակուցներ ու առողջ ածխաջրեր օգտագործի։ Երեխան ունի բնությունից տրված բոլոր բնազդները։ Ինքն իրեն սովի չի մատնի, երբ սովածանա, կուտի։
  2. Կրծքից մի կտրեք, որ հավելյալ ուտի։ Դա շատ սխալ է։ Կրծքի կաթն ունի անփոխարինելի սննդարարություն, հանքանյութեր, երեխային անհրաժեշտ ճարպեր, դրանց կոմպլեկտը չի պարունակում ոչ մի հավելյալ։ Բացի դրանից կկ-ն երեխային դեռ շատ երկար պետք է ատամների ցավը մեղմացնելու համար։ Ամեն ինչից բացի ոչ մի երաշխիք չկա, որ կրծքից կկտրեք ու կսկսի լավ ուտել։ Հա որոշ չափով կուտի, որ սովի չմատնի իրեն, բայց դա ճիշտ դիրքորոշում չէ!!!
  3. Երբեք մի ստիպեք երեխային ուտել։ Դա միայն հակառակ էֆեկտը կտա։ Երեխան ուղղակի կզզվի հավելյալից։ Գդալը մոտեցրեք բերանին, եթե բացում է ինքնակամ, տվեք, եթե ոչ, մի զոռեք ու մի համոզեք։ Դրանից երեխան ավելի Չուտող է դառնալու։ Ուտելն ասոցացվելու է բացասական բաների հետ։
  4. Երբեք մի գայթակղեք երեխային համեղ բաներով, որ ուտի ճաշը “ճաշդ կեր, կոնֆետ կտամ”: Դա կոպիտ ասած հնչում է այսպես “Ոչ համով բան կեր, որ հետո համով բան տամ”: Ոչ, երեխան չպետք է ուտի ճաշը, որովհետև հետո կոնֆետ են տալու կամ օրինակ թողնելու են մուլտֆիլմ նայի։ Պետք է ուտի, ուղղակի որովհետև սոված է։ Քաղցրեղեն ընդհանրապես բացառեք կամ խիստ սահմանափակ տվեք, բայց անկախ ճաշից։
  5. Երբեք մի շեղեք ուշադրությունը բերանը բան դնելու համար։ Մուլտ մի միացրեք, մի խաղացրեք, որ շեղվի Դուք բերանը ճաշ լցնեք։ Դա խիստ սխալ է։ Երեխան պետք է տեսնի, թե ինչ է ուտում, արդյոք ուզում է ուտել, արդյոք ինչքան է ուզում ուտել։ Պետք է սովորի գնահատել իր օրգանիզմի պահանջները, ինքնուրույն հասկանալ’ ինչ և ինչքան ուտել։ Շեղել ու բերանը սնունդ լցնելով երեխայի օրգանիզմը չի սովորում հագեցվածությունը գնահատել, քանի որ մաման է որոշում, թե ինչքան սնունդ պետք է ներս գնա։ Իսկ հագեցած-սոված լինելը կարողանալ գնահատելը խիստ կարևոր է հետագայում նորմալ քաշ ունենալու համար։

Պատրաստեց Իննա Խաչիկյանը