Ի՞նչ է պետք անել
Նախ եկեք հասկանանք, թե ինչու երեխան չի ուտում։
Երեխան ծնվում է կրծքի կաթ ուտելու ռեֆլեքսներով։ Ինքն ի ծնե բնազդաբար գիտի, թե ինչ է պետք անել։ Իսկ հավելյալ սնունդ ուտել սովորեցնում են խնամողները (մաման/պապան/տան մյուս անդամները):
Այդ իսկ պատճառով որոշիչ դեր է խաղում հավելյալի ներմուծման մոտեցումը մայրիկի կողմից։ Եթե մայրիկը որոշել է, որ 6 ամսականը լրանալու օրվանից երեխան պետք է ուտի X մթերքը Y քանակությամբ ու ամեն գնով դա փորձում է ուտացնել, դա իհարկե կբերի կատաստրոֆիկ հետևանքների։ Եթե մայրիկը որոշել է, որ երեխան անպայման դդմիկ պիտի ուտի ու հրաժարվելուց հետո օրեր շարունակ դա է առաջարկում բալիկին, դա կունենա նույն ֆիասկոն։
Երեխան 6 ամիս միայն կաթ է կերել (կրծքի կամ փոշի), ու հանկարծ մի օր մաման որոշում ա, որ ինքն այլ բան պետք ա ուտի։ Երեխան չի հասկանում ինչու, համն էլ դուրը չի գալիս, բայց իրեն միևնույնն է ամեն օր դա առաջարկում են, ինքն էլ արդեն փակվում է նոր առաջարկների համար, էլ չի ուզում փորձի նույնիսկ եթե այս անգամ այլ գույնի/տեսքի/համի բան են առաջարկում։
Ինչ է պետք անել.
- Փոխեք Ձեր ակնկալիքները։ Երեխան փաստացի 6 ամսականը լրանալուն պես պարտավոր չէ նստել Ձեր ընտրած/առաջարկած մթերքն ուտել Ձեր նախընտրած քանակով, իսկ պնդելը միայն կվատացնի վիճակը։ Պետք է պատրաստ լինեք, որ կարող է հրաժարվել։
- Մինչ 6 ամսականը երեխային ամեն օր վերցրեք Ձեզ հետ սեղանի շուրջ (հավելյալը սկսելուց գոնե 1-2 շաբաթ առաջ), թող տեսնի, որ բոլորը ճաշում են, այլ բան են ուտում, կամաց-կամաց ծանոթանա այդ երևույթին, որպեսզի երբ գա հավելյալ սկսելու պահը, հասկանա, թե ինչի համար է կաթից բացի այլ բան առաջարկում մաման, հասկանա’ ինչու պիտի դա ուտի։
Կարող եք կկ-ից փոքրիկ պաղպաղակներ պատրաստել, սեղանի շուրջ իր ձեռքը դա տալ, որ ինքն էլ զբաղվելիք ունենա, ինքն էլ մի բան ուտի, իրեն առանձնացված չզգա: - Սպասեք երեխան պատրաստ լինի հավելյալին։ Ինքը ձգվի, ուզենա որևէ բան փորձել (6 ամսականից ոչ շուտ սակայն):
- Որպեսզի համը թեկուզ փոքր-ինչ նման լինի իր կերածին, խառնեք ճաշիկի հետ կկ/կխ առաջին իսկ օրերից։ Ծանոթ համի առկայությունը գուցե օգնի այլ համերին ծանոթանալուն։
- Պարտադիր պայման չէ բլենդած սկսել հավելյալը։ Կարող եք տրորած տալ։ Կան երեխաներ, որ բլենդած չեն ուզում բացարձակ ուտել, փորձեք տրործածը տալ, գուցե ուզում է ծամել, ծամելով ուտել։
- Միշտ երեխայի հետ ճաշեք։ Երեխան միայնակ չի նստի ճաշ ուտելու։ Պետք է իր հետ լինի մեծահասակ (մաման կամ ավելի լավ է ողջ ընտանիքը), որից օրինակ պետք է վերցնի, որի հետ միասին կճաշի, իրեն միայնակ չի զգա, ներգրավված կլինի ընտանեկան ճաշին։ Միայն այդպես կհասկանա, թե ինչի համար է ընդհանրապես այլ բան ուտում (որովհետև ընտանիքն է այդպես անում): Երեխաները կրկնօրինակելու տաղանդ ունեն, եթե միասին ճաշեք վաղ թե ուշ կցանկանա Ձեզ կրկնօրինակել և Ձեզ հետ ուտել։
- Միշտ սեղանին դրած ունեցեք առողջ միջանկյալ սնունդ։ Դա կարող է լինել խաշած բրոկկոլի, թարմ բանջարեղեն (պղպեղ, վարունգ, լոլիկ), բանջարեղենից պատրաստված կոտլետ, ամեն տեսակի մրգեր։ Միայն առողջ մթերքներ, որոնք միշտ կլինեն իր աչքի առաջ սեղանին և կկարողանա խաղալու ընթացքում գնալ-գալ ուտել։
- Եթե միևնույնն է հրաժարվում է ուտել, դրեք ափսեով դիմացը, թույլ տվեք թաթիկներով մտնի մեջը, ուսումնասիրի ուտելիքը, փորձի թաթիկներով ուտել։ Դուք էլ կողքից կերեք, որ օրինակ վերցնի։
- Եթե այդ ամենից հետո հրաժարվում է, Ձեզ կփրկի միայն հավելյալը երեխայի առաջնորդությամբ ԲԼՎ/BLW baby led weaning մեթոդը, որն անպարտելի մեթոդ է հավելյալի ներմուծման հարցում։ Այն նրանով է հրաշալի, որ երեխան ինքնուրույն է ուտում, ներգրավված է պրոցեսում, ուսումնասիրում է ուտելիքը, գիտի ինչ և ինչքան ուտել։ Այս մեթոդի դեպքում մայրիկի ֆունկցիան միայն առաջարկել ու իր հետ ճաշելն է
Երեխան այս մեթոդով ի սկզբանե ուտում է համապատասխան կտրտած կտորներով, ինքնուրույն, ինքնակամ ու հաճույքով: - Եվ վերջում, հաշվի առեք, որ Ձեր երեխան նույնպես անհատ է, ունի ցանկություններ, որոնք պետք է հարգել։ Եթե ուզում է ինքնուրույն ուտել, պետք չէ նրան դա արգելել։ Եթե չի ուզում դդմիկ ուտել, պետք չէ ամեն գնով դա իրեն կերակրել։ Եթե Դուք որևէ ուտելիք չցանկանաք ուտել, Ձեզ ամեն գնով դա կերակրեն, Դուք ավելի կզզվեք այդ ուտելիքից։ Պետք չէ երեխայի վրա ջղայնանալ չուտելու համար։ Եթե Ձեզ վրա ջղայնանային չուտելու համար, Ձեզ մոտ նույնպես ուտելը կասոցացվեր միայն վատ էմոցիաների հետ։ Ճաշելը երեխայի մոտ պետք է ասոցացվի միայն դրական էմոցիաների հետ։ Երեխան պետք է հաճույքով ուտի, դա իր համար պետք է լինի նորմալ ամենօրյա երևույթ, որին մասնակցում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ինքը որպես ընտանիքի լիարժեք անդամ
Հիշեք, երեխան ոչինչ պարտավոր չէ։
Այդ ծնողներն են ուղղակի ունենում շատ բարձր ակնկալիքներ։
Հավելյալի ներմուծման հաջող լինելը 90%-ով եթե ոչ ավել կախված է ծնողներից
Պատրաստեց Իննա Խաչիկյանը