Շատ են հարցնում՝ կաթնամթերք որ տարիքից է կարելի։
Ըստ ԱՀԿ-ի կաթնամթերքը ևս 6+ է, բայց ԱՀԿ-ն ասում է օգտագործեք վիտամիններով հարստացվածը (fortified)։ Նույն վիտամինները, ինչ տալիս է կաթնամթերքը, երեխան ստանում է նաև կկ/կխ-ից, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն ասում է օգտագործելիս գոնե հարստացվածն օգտագործեք, որ քիչ թե շատ լրացնի այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են երեխային (չնայած լիարժեք կկ/կխ-ին փոխարինել, միևնույնն է, չի կարող):

Բայց քանի որ Հայաստանում չկա հարստացված կաթնամթերք ի տարբերություն Եվրոպա/Ամերիկայի, ես անձամբ խորհուրդ կտամ դասական հավելյալի ներմուծման դեպքում կաթնամթերքը ներմուծել ավելի ուշ (9-10 ամսականներից), որովհետև երեխան դրա անհրաժեշտությունը չունի, ոչ թե որովհետև չի կարելի։ Այսինքն նույն շարքի վիտամիններ երեխան արդեն իսկ ստանում է կկ/կխ-ից, կաթնամթերք հաճախակի տալով ստացվում է, որ նույն շարքի վիտամիններ են կրկնվում երեխայի սննդակարգում։ Եթե ուզում եք տալ, իհարկե կարելի է, բայց երեխայի համար խիստ անհրաժեշտություն չէ, ի տարբերություն օրինակ երկաթով կամ Բ12-ով հարուստ մթերքների։ Դրա փոխարեն ավելի լավ է ապահովել ավելի բազմազան վիտամիններ/հանքանյութեր երեխայի սննդակարգում։

Սակայն շատ կարևոր հանգամանք է ալերգիան։
Կաթը սուր ալերգեն է, և ալերգիան կաթի հանդեպ անհրաժեշտ է ստուգել հավելյալը սկսելիս։ Ալերգիան ստուգում ենք ոչ թե կաթնամթերքով, այլ հենց կաթով․ գդալի ծայրով 3 օր իրար հետևից պաստերիզացված կաթ է պետք տալ երեխային։ Այդ 3 օրը + հետագա 2 օրը (այսինքն՝ 5 օր) նոր մթերք չենք ներմուծում: Եթե 5 օրվա ընթացքում ալերգիկ ռեակցիա չնկատվեց, ուրեմն ալերգիա կաթի հանդեպ չկա։ Բայց որպեսզի օրգանիզմը ձևավորի տոլեռանտություն կաթի նկատմամբ և օրինակ 6 ամսից կաթնամթերք ներմուծելուց ալերգիա ի հայտ չգա, պետք է շաբաթը մեկ անգամ մինիմալ քանակով շարունակել կաթնամթերք տալ (օրինակ մեկ թեյի գդալ կաթնաշոռ, կամ մեկ ճաշի գդալ մածուն, կամ կես թեյի գդալ կաթ և այլն):

Այսպիսով՝ ալերգիան ստուգելուց հետո ալերգենի հանդեպ տոլեռանտությունը պահպանելու համար խորհուրդ ենք տալիս շաբաթը մեկ անգամ մինիմալ քանակով տալ կաթ կամ կաթնամթերք (մեկ թեյի գդալը լիովին բավական է) մինչև կաթնամթերքը լիարժեք սննդակարգ ներմուծելը, իսկ որպես առօրյա սննդի բաղկացուցիչ խորհուրդ ենք տալիս կաթնամթերքն օգտագործել 9-10 ամսականից հետո (օրինակ՝ մածունը օրը մեջ կամ կաթնաշոռը շաբաթը 2-3 անգամ):

Տոլեռանտությունը պետք է ձևավորել բոլոր ալերգենների հանդեպ, ոչ միայն կաթի։

Պատրաստեց Իննա Խաչիկյանը

Շնորհակալություն Լիանա Ղազարյանին խմբագրելու հարցում օգնելու համար։